Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն այսուհետ կիրականացվեն ավելի լուրջ հսկողությամբ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի ընթացքի քննարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկմանը մասնակցեցին քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանը, տրանսպորտի նախարարության, մարզային ու քաղաքային իշխանությունների շինարարական կազմակերպությունների, ինչպես նաև կոմունալ ծառայությունների ներկայացուցիչները: Քննարկում-հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ վարչապետի Գյումրի կատարած վերջին այցի ընթացքում արված դիտողությունները և դժգոհությունները հաշվի առնելով:
«Մինչ այս քաղաքում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքները ընթացել են մի շարք թերացումներով ու խախտումներով՝ սկսած ժամկետներից մինչև շինարարական չափորոշիչներում արձանագրված թերացումները: Աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցները փոխադարձ մեղադրանքներ հնչեցրեցին: Մեղավորները բոլորն են՝ նախագծողից, մինչև շինարար, պատվիրատուից մինչև կոմունիկացիոն համակարգերի պատասխանատու»,- իր խոսքում նշեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կարևորելով բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը, որի դեպքում միայն հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների: Նա հավելեց. «Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես էր հնարավոր հոկտեմբեր ամսին սկսել շինաշխատանքներ և այն էլ Շիրակի մարզում, բոլորի համար հասկանալի էր, որ այստեղ եղանակային պայմանները թույլ չէին տա նորմալ աշխատանք տանելու, սա առնվազն սխալ է: Հիմա մենք պետք է համագործակցենք և ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրու փողոցաշինական աշխատանքները լավ օրինակ դառնան բոլորի համար»: Պատասխանատուի մյուս դիտողությունը վերաբերում էր տարբեր գործառույթ իրականացնող և միջազգային պրակտիկայում անընդունելի՝նախագծային և տեխնիկական վերահսկողություն իրականացնող մեկ կառույց ունենալու խնդրին:
Ամփոփելով քննարկումը՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ քննարկում կազմակերպվել է առկա ճգնաժամը հաղթահարման նպատակով. «Այս քննարկումը կարծում եմ չէինք ունենա, եթե չունենայինք իրականության փոփոխություն: Շինաշխատանքները նախագծվել, ծրագրավորվել, մրցույթները կազմակերպվել ու անցկացվել են հին Հայաստանում, հիմա նոր իրականության մեջ ենք հայտնվել, իսկ խնդրի լուծման համար ավելի գլոբալ մոտեցումներ են պետք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր սխալներից զերծ մնանք, բոլորս պետք է համատեղ աշխատենք: Կարծում եմ, որ այս աշխատանքային խմբում շատ ճիշտ կլինի, եթե ներկայացուցիչ լինի քաղաքաշինության պետական կոմիտեից, մենք աշխատանքների համակարգումը վստահենք մասնագետի, որը կլինի կապող օղակ աշխատանքների իրականացման բոլոր շահագրգիռ կողմերի միջև»:
Շիրակի մարզպետը նաև առաջարկեց փողոցաշինական աշխատանքների աշխատանքային խմբում ընդգրկել ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: Առաջարկը նաև արժանացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հավանությանը: Որոշվեց նաև նմանատիպ հանդիպումներն ավելի պարբերաբար դարձնել, իսկ ՀՀ Քաղաքաշինական կոմիտեն այսուհետ ավելի ուշադիր կլինի բոլոր կողմերի կատարած աշխատանքների նկատմամբ:
Արմենուհի Մխոյան