«Պատասխաններ պետք է տալ՝ ով ես դու, ովքեր են քո բարեկամները և թշնամիները, ում հետ ես դու հույսեր կապում». Տարասով
Ռուսամե՞տ, թե՞ արևմտամետ. փոխվե՞լ է արդյոք ՀՀ արտաքին քաղաքականությունը հեղափոխությունից հետո
Ապրիլի 11-ին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստի իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք հարցերի, այդ թվում՝ ռուսամետ-արևմտամետ դիսկուրսին։ Նա հայտարարել է, որ դեռևս ընդդիմադիր եղած ժամանակներից ասել է, թե չի ընդունում, որ Հայաստանում կամ ընդհանրապես որևէ պետությունում պետք է լինեն ռուսամետ, եվրոպամետ, ամերիկամետ քաղաքական ուժեր ու գործիչներ: «Հայաստանի օրինակով ասեմ՝ ես ինձ համարում եմ հայաստանամետ գործիչ։ Ես կարծում եմ՝ ֆրանսիացի գործիչները պետք է լինեն ֆրանսամետ, ռուսները՝ ռուսամետ, ուկրաինացիները՝ ուկրաինամետ: Հայաստանամետ լինելը ինչ է նշանակում միջազգային տրամաբանությամբ, դա նշանակում է, որ մենք պետք է մեր կառուցողական, պոզիտիվ հարաբերությունները կառուցենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ և պետք է փորձենք լուծել, կարգավորել հարաբերությունները բոլոր մեր հարևանների հետ»,- ասել էր նա:
Ուշագրավ է հիշել նաև այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել ՀՀ արտաքին քաղաքականության մասին՝ պնդելով, որ Հայաստանը չի դիմելու կտրուկ շրջադարձերի արտաքին քաղաքականության հարցում, պահպանելով ռազմավարական բնույթի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, լինելով ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցը։ Ուստի Նիկոլ Փաշինյանի հայտարարած քաղաքականությունն ըստ էության չի տարբերվում նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունից, որն առավելապես հենված էր Ռուսաստանի հետ հատուկ բնույթի հարաբերությունների վրա և շատ հաճախ անխնա քննադատության էր ենթարկվում ռուսամետության համար։
Ավելին՝ Ն. Փաշինյանի պաշտոնավարման օրոք առաջացել են և՛ խնդիրներ հայ-ռուսական հարաբերություններում, և՛ նաև արվել են քայլեր, որոնք մի շարք միջազգայնագետների կողմից դիտարկվել են՝ որպես խիստ ռուսամետ, ՀՀ ազգային շահերին հակասող, ինչպիսին Հայաստանից Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունն էր, որը հայտարարվեց՝ որպես բացառիկ հայ-ռուսական մարդասիրական պրոյեկտ։
Թարմացված այս դիսկուրսի ֆոնին հետաքրքիր է քննարկել, թե արդյոք իրականում Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռվե՞լ է ՀՀ նոր իշխանությունների պաշտոնավարման օրոք այն դեպքում, երբ հայտարարվել է նաև կտրուկ շրջադարձերի բացառման մասին։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման հարցերի մասին դատելուց առաջ պետք է նայել քարտեզին, հասկանալ, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ է իրենից ներկայացնում, ովքեր են Հայաստանի բարեկամները և թշնամիները։
Ըստ նրա՝ հայաստանամետ ձևակերպումը, իհարկե, տեղին է, ղեկավարը պետք է լինի հայաստանամետ, պետք է սիրի Հայաստանը, նվիրված լինի Հայաստանին, որպեսզի կարողանա զարգացնել երկիրը, այդպես էլ պետք է լիներ։
Ավելին, ռուս վերլուծաբանի համոզմամբ՝ որևէ մեկը չի ասի՝ ինքը ռուսամե՞տ է, թե՞ արևմտամետ։ Բայց, Տարասովի խոսքով, պետք է հասկանալ, թե ով է Հայաստանի սերտ գործընկերը՝ Թուրքիա՞ն, Իրա՞նը, Վրաստա՞նը, Գերմանիա՞ն, Միացյալ Նահանգնե՞րը, կամ միգուցե Չինաստա՞նը: Կոնկրետ ո՞վ, թող մի երկիր անվանեն այս ցանկից՝ որպես սերտ գործընկեր, այսինքն՝ հռետորաբանության մեջ դա պետք է լսելի լինի, այլապես անհասկանալի իրավիճակ է ստեղծվում։
Սակայն, նրա կարծիքով, ՀՀ արտաքին քաղաքական հռետորաբանությունում որոշ նրբերանգներ փոխվել են, քանի որ նոր ղեկավարները երիտասարդ են, անփորձ, հրապարակախոս, զգացմունքային։
«Ես, օրինակ, հրապարակախոս եմ, ես էմոցիաների իրավունք ունեմ, իսկ երկրի ղեկավարը զգացմունքներին, մանիպուլյացիաներին տրվելու իրավունք չունի։ Քաղաքականությունը պետք է հստակ լինի, գնահատականները պետք է հստակ տրվեն, դրանք իրար չպետք է հակասեն, այլապես կարող է «ապուր» ստացվել։ Երբեմն չեմ հասկանում՝ ինչ են ցանկանում, ինչ են խոսում, ինչ ասել է, օրինակ, լինել հայաստանակենտրոն, դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ գործընկերները պետք է պտտվե՞ն Հայաստանի շուրջ, թե՞ ինչ-որ այլ ձևաչափ է։ Կան լուրջ բարդույթներ, հայ ժողովուրդը, որը մեծ պատմություն ունի, ներկայումս բարդույթներ է ձեռք բերել, որոնցից ելնելով՝ արտաքին քաղաքական ուղերձներ է հղում»,- ասաց վերլուծաբանը։
Խոսելով հայ-ռուսական հետհեղափոխական հարաբերությունների մասին՝ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը կասկածներ կհարուցի Մոսկվայում, որը կանհանգստացնի Մոսկվային։
Նա նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի գործընկերը, սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում շարունակվում է։
«Որոշ դրվագներում կան հայ-ռուսական հակասություններ, բայց կոնկրետ քայլեր չեն արվել, որոնք կասկածներ կհարուցեն Մոսկվայի մոտ։ Հասկանալի է նաև, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է բազմավեկտոր լինի, որպեսզի տնտեսության զարգացումը հնարավոր լինի, որպեսզի արևմտյան ներդրումներ ևս ներգրավվեն։ Զուգահեռաբար՝ ՌԴ-ն «կամ-կամ»-ի հարց չի դնում, հասկանում է, որ հարկավոր է վարել բազմակողմ քաղաքականություն: Բայց պետք է հասկանալ նաև, որ պատասխաններ պետք է տալ, թե ով ես դու և ինչ իրավիճակով ես շրջապատված, դրանում ովքեր են քո բարեկամները և թշնամիները, ում հետ ես դու հույսեր կապում։
Նրա հետ խաղում են, և նա, լինելով նախկին լրագրող, զգացմունքային է արձագանքում այդ ամենին։ Ժամանակ առ ժամանակ սա կրկեսի է նմանվում։ Նա մեկ ուղղության վրա է դասում Մոսկվային և Վաշինգտոնին։
Ուզում եմ նշել, որ Մոսկվան չի ցանկանում լսել բարձրագոչ ելույթներ իր հասցեին, բայց հարաբերությունների բնույթը Մոսկվայի և Վաշինգտոնի հետ տարբեր է, դրանք պետք է տարբերակվեն նաև ելույթներում, հստակ պետք է լինի դա: Սակայն հստակ վարվող արտաքին քաղաքական գիծ չկա, չնայած նաև չեն փոխվել հայ-ռուսական հարաբերություններն ընդհանուր առմամբ»,- ասաց Տարասովը։
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ ՀՀ արտաքին քաղաքականությունում էական փոփոխություններ չի նկատել ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Նա ընդգծեց, որ, ինչպես նշել են ՀՀ իշխանությունները, չեն եղել շրջադարձեր, և դա ամենակարևոր արտաքին քաղաքական ուղերձն է եղել ՀՀ բոլոր գործընկերներին։
«Ավելի հաճախ է սկսել խոսվել ժողովրդավարությունից, որը համարվում է արևմտյան արժեք, բայց ընդհանուր առմամբ բոլոր ուղղություններով ՀՀ բազմավեկտոր, բայց Ռուսաստանի ուղղության վրա հակված քաղաքականությունը շարունակվում է։ Թե դա ռուսամետությո՞ւն է, թե՞ բազմավեկտորություն, որևէ ղեկավար հստակ որակումներ չի տա, բայց որ դեռևս իրերի նախկին դրությունը շարունակվում է, այդպես է։ Արևմուտքի ուղղությամբ էլ նոր հավակնություններ չկան։ Ամեն բան դեռ ադապտացման փուլում է գտնվում, նոր հայտեր ես ՀՀ արտաքին քաղաքականությունում չեմ նկատում։ Հայաստանամետ նշանակում է՝ ՀՀ շահերից բխող, եթե վարվում է ներկայիս քաղաքականությունը, նշանակում է՝ ՀՀ շահերից է բխում Ռուսաստանի հետ ներկայիս սերտ գործընկերությունը և Արևմուտքի հետ առկա համագործակցությունը»,- ասաց Հալբախը։