«Նրանք, ովքեր պնդում են, որ հնարավոր չէ գազին օդ խառնել, գոնե 7-րդ դասարանի ֆիզիկան չեն սովորել»
Գազալցակայանների հաշվիչ սարքերի չափման միավորը Կառավարության առաջարկած օրենքի փոփոխությունից հետո խորանարդ մետրից կիլոգրամ կդառնա: Սակայն վերջերս «Գազպրոմ Արմենիան» մեծացրել էր ԱԳԼՃԿ-ներին տրամադրվող սեղմված գազի միջին խտությունը, իսկ որոշ գազալցակայաններում այդ փաստը չեն ֆիքսել հաշվիչ սարքերում, ինչի պատճառով վարորդներն ավելի շատ գումար էին վճարում նույն ծավալով գազի դիմաց:
«Եթե ջրի, այլ հեղուկ նյութի դեպքում ծավալը ճնշումից շատ քիչ է փոխվում, գազի դեպքում այդպես չէ: Նույն ծավալի մեջ կարող ենք ունենալ մեծ տարբերությամբ գազի քանակ: Մինչև հիմա գազը գնել ենք խորանարդով, բայց ոչ ոք իրեն հարց չի տվել, թե ինչքա՞ն գազ կա այդ խորանարդի մեջ: Այդ նույն խորանարդի մեջ իրարից 2000-3000 անգամ տարբեր գազ կարելի է տեղավորել: Գազերի ճնշման բանաձևն էլ հիմնված է մոլեկուլների՝ անոթի պատերին հարվածով: Կիլոգրամի դեպքում ունենալու ենք հստակ թիվ. իրենք ինչքան ճնշում կտան և ինչ խոնավությամբ, ջերմաստիճանով, կիլոգրամը նույնն է մնալու: Գազի ճշգրիտ չափման մեթոդը կիլոգրամի չափումն է»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
«Պետությունը լավ բան է մտածել, որը մարդիկ վերցնում և օգտագործում են այլ նպատակով: Ինչպե՞ս կարելի է թանկացնել գազը: Կառավարության նիստի ժամանակ էլ վարչապետին բացատրություն են տալիս մարդիկ, ովքեր ոլորտից ոչինչ չեն հասկանում: Ասում են՝ «Գազպրոմ Արմենիան» ամեն օր խտություն է տալիս կայաններին, ըստ այդ խտության՝ սարքերը պետք է կարգավորեն, որ ճիշտ չափեն: Հիմա հարց՝ ինչո՞ւ է գազի խտությունն ամեն օր փոխվում: Դա կարող է փոխվել ճնշումից, որն ամեն օր չի կարող տալ «Գազպրոմը», որովհետև ճնշումը դինամիկ հսկող սարքեր կան: Իսկ եթե կալորիականությունը չի փոխվում, այլ բաղադրությունը, ապա այստեղ մի բան կարող է լինել, զազին ինչ-որ բան կարող են խառնել: Նրանք, ովքեր պնդում են, որ օդ հնարավոր չէ գազին խառնել, գոնե 7-րդ դասարանի ֆիզիկան չեն սովորել: Եթե փոխվում է խտությունը, ապա հարկավոր է պարզել պատճառը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Ազգային ժողովը 103 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում էր գազալցակայաններին։ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ արտահերթ նիստում օրինագիծը ներկայացնելով՝ տեղեկացրեց, որ իրենք առաջարկում են փոփոխել ակցիզային հարկով հարկման նպատակով սեղմված բնական գազի իրացման ծավալները հաշվառող չափման միավորը։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը ռիսկային էր՝ սպառողների շահերի պաշտպանության ու գազը թերակշռելու առումով։
Կառավարությունն առաջարկում է ԽՄ չափման միավորը դարձնել ԿԳ, և այդ փոփոխությունը, ըստ կառավարության ներկայացուցչի, կատարել գիտականորեն ընդունելի խտության գործակցով՝ 0.717։ Օրինագիծն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից։
Անի Կարապետյան