Վարչապետն էլի հրաժարվեց. Ինչո՞ւ կրճատվեց, եթե պիտի նորից ավելացվեր ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը

Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության անցած տարվա վերջի աստղաբաշխական ինքնապարգևատրումների թեման, Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ խնդիրը։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019թ. համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդն ուղիղ կիսով չափ կկրճատվի»,- հայտարարել է վարչապետը։

Թե ինչքանո՞վ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, և ինչքանո՞վ վարչապետը կատարեց իր խոստումը, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը երկու-երեք ամիս հետո կառավարությունը որոշեց եռակի ավելացնել ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը։ Ու հիմա վարչապետը դա օրինաչափ է համարում։

Հիմնավորումները տարբեր են` սկսած նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն խոստացել է գերակատարել բյուջեի եկամուտները, վերջացրած նրանով, որ համակարգում աշխատավարձերը ցածր են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ «Մաքսային ծառայողը, որն օրական տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Դա նշանակում է` ասել՝ գնա, յոլա գնա, տես՝ ինչ կարաս անես։ Եթե այս իրավիճակը թողնում ենք էսպես, իրեն ասում ենք՝ գնա քո գլխի ճարը տեսը»,- ասում է վարչապետը։

Իրականում վարչապետի ասածի մեջ ճշմարտություն կա։ Աշխատավարձերը Հայաստանում ցածր են։ Բայց այնպես չէ, որ այդ խնդիրն առկա է միայն հարկային-մաքսային համակարգում։ Խնդիրն ամբողջ պետական կառավարման ոլորտում է։

Ավելին, հարկային-մաքսայինում դրանք անհամեմատ բարձր են։ Չհաշված, որ ի տարբերություն բազմաթիվ բյուջետային հիմնարկների, այստեղ պարգևատրումները մշտական են։ Ամեն ամսվա աշխատավարձին` ի հավելում, տրվում է նաև պարգևատրում։

Այս երևույթը հարկային համակարգում երբեք էլ չի վերացել, նույնիսկ հայտնի աղմուկից հետո, երբ պարզվեց, որ ՊԵԿ ղեկավարները միլիոնների հասնող պարգևավճարներ են ստացել։ Ինչպես ՊԵԿ նախագահն է ասում. «Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են և շարունակելու են պարգևատրվել»։
Այսինքն՝ ասած-չասած՝ մի հաշիվ է, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու է։

Ու ամենևին էլ այնպես չէ, որ լրացուցիչ հատկացված 1,5 մլրդ դրամը կապված է Պետեկամուտների կոմիտեի լավ աշխատանքի կամ հարկերի պլանը գերակատարելու խոստումների հետ։ Իսկ եթե հանկարծ տարվա վերջին պարզվի, որ պլանը ոչ միայն չի գերակատարվել, այլև մի բան էլ թերակատարվել է, ինչպես անցած տարի, ի՞նչ ենք անելու, պարգևավճարները հե՞տ ենք գանձելու։

Իհա՛րկե ոչ։ Ինչքան անցած տարի հետ գանձեցինք, այնքան էլ այս տարի կգանձենք։

Այնպես որ, պետք է ազնիվ լինել և ի սկզբանե չասել բաներ, որոնցից հետո հրաժարվելու ենք։ Կառավարության գործողություններում մի տեսակ սովորական է դարձել այդ պրակտիկան։

Ի՞նչ իմաստ ուներ ընդհանրապես կրճատել Պետեկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի դարձյալ վերականգնվեր։ Թե՞ այն ժամանակ հասարակությանը հանդարտեցնելու խնդիր կար։

Կարծես երկու ամիս առաջ այս կառույցը չէր, որ հավաքում էր հարկերը, կամ նույն 160 հազար դրամ ստացող մաքսային տեսուչը չէր, որ առնչվում էր տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների ներմուծման հետ, երբ վարչապետը խոսում էր ՊԵԿ պարգևատրման ֆոնդը կիսով չափ կրճատելու մասին։ Չէ՞ որ խնդիրը միշտ էլ հայտնի է եղել, և նոր չէ, որ կառավարությունն իմացավ այդ մասին։

Պարզապես պետք էր ժամանակին ազնիվ լինել և ասել, որ՝ այո՛, Պետեկամուտների կոմիտեի աշխատակիցներին բարձր պարգևավճարներ տալը ճիշտ է։ Եվ ոչ թե հայտարարել, թե պարգևավճարների ֆոնդը կիսով չափ կճատվել է, իսկ հետո այլ ճանապարհով այն ավելացնել։

Ի վերջո, ցածր աշխատավարձերով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերի խնդիրը միայն ՊԵԿ-ում չէ, որ առկա է։ Նույն տրամաբանությամբ Ֆինանսների նախարարության աշխատակիցներն էլ են առնչվում տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամների հետ, իսկ ինչո՞ւ չավելացնել նաև նրանց կարգևատրման ֆոնդը։

Հավանաբար պատահական չէր, որ ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդն ավելացնելու կառավարության որոշմանը դեմ էր հատկապես ֆինանսների նախարարը։ Ատոմ Ջանջուղազյանի կարծիքով՝ խնդրին պետք է ոչ թե տեղային, այլ համահարթ լուծում տալ։ Պարզ ասած, այդ դեպքում պետք է ավելացնել նաև մյուս գերատեսչությունների պարգևատրումների ֆոնդը։

Սա, անշուշտ, կլիներ միասնական մոտեցում և արդարացի վերաբերմունք` պետական կառավարման համակարգի մյուս աշխատակիցների նկատմամբ, որոնք ևս ցածր աշխատավարձերի հետ կապված խնդիր ունեն։ Ավելին, նրանք ոչ միայն ամեն ամիս, ինչպես ՊԵԿ-ի դեպքում, այլև ամիսներով պարգևատրում չեն ստանում։ Հիմա՝ ի՞նչ, մյուսների աշխատանքն այդքան կարևոր չէ, և նրանք հանգիստ կարող են թերանալ իրենց պարտականություններում կամ իրենց գործառույթներից բխող ծառայությունները պատշաճ չմատուցե՞լ։ Սա՞ է տրամաբանությունը։

Եթե նպատակը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է, արդյո՞ք նման ռիսկերը փոքր են, ենթադրենք` իրավական համակարգում կամ սոցիալական ապահովության ոլորտում։

Փաստարկները, որոնք բերվում են՝ Պետեկամուտների կոմիտեի պարգևատրման ֆոնդը մի քանի միլիոն դոլարով ավելացնելու հետ կապված, մեղմ ասած, հիմնավոր չեն։ Խնդիրը համակարգային է և պետք է համակարգային լուծում ստանա։ Այն, ինչ անում է կառավարությունը, բոլորովին էլ չի բխում թավշյա հեղափոխության հռչակած սկզբունքներից։ Չհաշված, որ այդ գումարները ծախսելու ոչ քիչ կարևոր տեղեր կան։

Իսկ ինչո՞ւ դրանք չհատկացնել սոցիալական ծրագրերի իրականացմանը կամ անհամեմատ ավելի ցածր եկամուտ ունեցող խոցելի խմբերի սոցիալական խնդիրների մեղմացմանը։ Կառավարությունը դժգոհում է, որ բյուջեն նպաստները կամ կենսաթոշակներն ավելացնելու հնարավորություն չունի։ Բայց կարող է իրեն թույլ տալ նման շռայլություն անել, ասենք` հարկայինի համար, որտեղ զբաղվածների եկամուտները գուցե բավարար չեն, բայց ավելի բարձր են, քան մյուսներինը։

Վերջին շրջանում մի տեսակ տպավորություն է, որ կառավարությունը հատուկ նպատակ է դրել անել քայլեր ոչ թե՝ ցածր, այլ ընդհակառակը` մի բան էլ բարձր եկամուտներ ունեցողների եկամուտներն ավելացնելու համար։ Դրա վկայությունն է նաև եկամտային հարկի առաջիկայում նախատեսվող փոփոխությունը, որը դարձյալ ուղղված է բարձր աշխատավարձեր ստացողների եկամուտների ավելացմանը։

Թե ո՞ւր մնաց սոցիալական արդարությունը, այնքան էլ կարևոր չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս