Բաժիններ՝

Ինչո՞ւ է Թուրքիայում նվազում հայերի թիվը

Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուն Խոջալուի դեպքերի տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը հակահայկական ելույթով էր հանդես եկել: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

«Ամեն ապրիլի 24-ին ժամանակակից երևալու համար ասում են «բոլորս հայ ենք» և փորձում են ստիպել արևմտյան աշխարհին, որպեսզի ընդունի դա: Ի հեճուկս դրան՝ մենք էլ պիտի ասենք. «բոլորս թուրք ենք»,- ասել էր Ֆեյզիօղլուն: Այս հայտարարությանն արձագանքել է Ստամբուլում գործող «Նոր զարթոնք» հայկական նախաձեռնության անդամ Մուրադ Մըհչըն: Խոսելով Ստամբուլի հայ համայնքի վիճակի մասին՝ նա ասել է. «40.000 մարդ ենք մնացել, մեծ մասը տարեց, մնացածներն էլ կամաց-կամաց գնում են այս երկրից»:

Թուրքահայ համայնքի նոսրացման թեմային անդրադարձած Euronews-ի թուրքական ծառայությունը գրում է.

«Ըստ Լոզանի պայմանագրի՝ Թուրքիայում փոքրամասնությունները ճանաչվում են կրոնի տեսանկյունից: Այդ պատճատով էլ հայ բնակչության վերաբերյալ տվյալները ներառում են միայն քրիստոնյա հայերին: Հայաստանից որպես զբոսաշրջիկ եկած ու անօրինական կերպով աշխատող հայերի և իրենց հայ համարող մուսուլմանների թվաքանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան»:

Լրատվականը համայնքի նոսրացման թեմայով զրուցել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի սյունակագիր Բագրատ Էստուկյանի  ու «Նոր զարթոնքի» ներկայացուցիչ Մուրադ  Մըհչըի հետ:

Էստուկյանը նշում է, որ Թուրքիայում ապրող հայերի թվի մասին արժանահավատ տեղեկություններ չկան ու ավելացնում. «Հայաստանից որպես զբոսաշրջկ այստեղ եկած ու անօրինական կերպով այստեղ աշխատողների թիվը կարող են իմանալ ոստիկանության անձնագրային վարչությունում: Ձևականորեն իսլամացած հայերի թիվը իմանալն անհնար է»:

«Ակոս թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո հանցագործությունը դատապարտելու նպատակով հնչեցվող «բոլորս հայ ենք» կարգախոսը ապտակի ազդեցություն ունեցավ «հայ» անունը շարունակաբար հայհոյանք համարած մտածողության վրա: Այդ կարգախոսի հնչելուց անմիջապես հետո իրենց հանցագործի հետ նույնացնողները հնչեցրեցին «բոլորս Օգյուն ենք, բոլորս թուրք ենք» կարգախոսը»,- ասում է Էստուկյանը՝ ակնարկելով, որ պոլսահայերի հեռանալու պատճառներից մեկն էլ հասարակությունում առկա ոչ բարյացկամ վերաբերմունքն է իրենց նկատմամբ:

Ըստ Էստուկյանի՝ թուրքահայերի հատկապես երիտասարդ հատվածը առկա քաղաքական ու տնտեսական մթնոլորտում իրենց համար լավ ապագա չեն տեսնում Թուրքիայում: Նա նշում է, որ խնդիրների շարքում են նաև երեխաներին իմամ հաթիփ (իսլամական ուղղվածություն ունեցող) դպրոցներ ուղղորդումը, դրանցում, ինչպես նաև ԲՈւՀ-երում կրթության մակարդակի հետընթացը:

Որպես մեկ այլ միտում Էստուկյանն առանձնացրել է հայ երիտասրդների՝ ուսման նպատակով Եվրոպա մեկնելն ու գործերը վատացած փոքր բիզնեսմենների կամ արհեստավորների Հայաստան մեկնելը՝ այնտեղ գործը սկսելու նպատակով:

Հայկական «Նոր զարթոնքի» ներկայացուցիչ ու քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայազգի անդամ Մուրադ Մըհչըն էլ նշում է, որ հայերը Թուրքիայում համակարգված կերպով թիրախովորվում են ու որպես օրինակ բերում Թուրքիայի փաստաբանների միության նախագահ Մեթին Ֆեյզիօղլուի վերջին հակահայկական հայտարարությունները:

«Համաձայն Հրանտ Դինք հիմնադրամի «Մեդիայում ատելության խոսքի ու խտրականության խոսքի մասին 2017 թվականի զեկույցի՝ հայերը ամենաշատ ատելության խոսքի թիրախում հայտնված 3-րդ խումբն են»,- ասում է Մըհչըն ու ավելացնում, որ Թուրքիայից հայերի հեռանալու հարցում մեծ դեր ունեն նաև իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակների խտրական հայտարարությունները:

Մհչըն նշում է, որ իրենք զգում են համայնքի թվաքանակի աստիճանական նվազումը՝ չնայած այն հանգամանքին, որ համայնքի թվի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան հրապարակված:

«Հայկական դպրոցներում սովորող աշակերտների արտասահման գնալու դեպքերը շատացել են: Հատկապես համալսարանական տարիքի երիտասրդները ուսման նպատակով մեկնում են արտերկիր ու հետ չեն վերադառնում: Ուսանողներն ու նրանց ընտանիքները դուրս գնալու միտում ունեն: Հեշտ չէ այստեղ թողնել ամեն ինչ ու արտագաղթել անծանոթ երկրներ, սակայն ցավալիորեն այդ գործընթացը շարունակվում է»,- եզրափակել է Մուրադ Մըհչըն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս