Բաժիններ՝

Չեմպիոնների լիգան վերադառնում է. «Լիվերպուլ»-«Պորտու»

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի քառորդ  եզրափակիչը: 8 թիմեր կվիճարկեն կիսաեզրափակչի 4 տոմսերը: Առաջին օրն իրար կհանդիպեն «Լիվերպուլ»-«Պորտու» և «Տոտենհեմ»-«Մանչեսթեր Սիթի» զույգերը:

«Լիվերպուլ»

«Լիվերպուլն» այս մրցաշրջանում շատ հզոր է և միանգամից պայքարում է մի քանի ճակատում:

Պրեմիեր Լիգայում Յուրգեն Կլոպի թիմը 33 միավորով առաջին հորիզոնականում է՝ առաջ անցնելով  «Մանչեսթեր Սիթիից» երկու միավորով: Բայց «քաղաքայինները» պահեստային հանդիպում ունեն: Վերջին տուրում «կարմիրները» դժվարին հաղթանակ տարան «Սաութհեմփթոնի» հետ խաղում`3:1 հաշվով: Սա բավականին կամային հաղթանակ էր: Այս խաղում իր գոլային երաշտն ընդհատեց Մոհամեդ Սալահը՝ խփելով իր 18-րդ գոլն առաջնությունում:

«Լիվերպուլը» փլեյ-օֆֆ դուրս եկավ շատ դժվարությամբ՝ միայն վերջին տուրում հաղթելով իտալական «Նապոլիին» (1:0): «Լիվերպուլը» կարողացավ դա անել իր դաշտում՝ հաղթելով ընթացիկ մրցաշարի՝ սեփական հարկի տակ անցկացրած երեք խաղերում: Յուրգեն Կլոպի թիմն «Էնֆիլդում» նաև հաղթել է ՊՍԺ-ին (3:2) և «Ցրվենա Զվեզդային» (4:0): Մրցակցի հարկի տակ Կլոպի սաները պարտվեցին բոլոր խաղերում, ինչն էլ հանգեցրեց նման արդյունքի:

Չեմպիոնների լիգայի վերջին փուլում «Լիվերպուլը» հեշտությամբ հաղթահարեց «Բավարիայի» արգելքը: Էնֆիլդում խաղը ոչ-ոքի ավարտվելուց հետո, բրիտանացիները Մյունխենում շատ հստակ ցույց տվեցին իրենց առավելությունը՝ 3:1 հաշվով հաղթելով մրցակցին:

Յուրգեն Կլոպի տրամադրության տակ չեն լինի երկու ֆուտբոլիստներ՝ Ջո Գոմեսը և երկար ժամանակ վնասվածք ունեցող Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը:

«Պորտու»

«Պորտուն», ինչպես «Լիվերպուլը», կատաղի պայքար է մղում «Բենֆիկայի» դեմ, սակայն մինչ օրս չի արդարացնում կանխատեսումները` զիջելով մրցակցին առաջին հորիզոնականը:

Առաջնության հիմնական մրցակիցները 69-ական միավոր ունեն, սակայն «վիշապները» լրացուցիչ ցուցանիշներով զիջում են «արծիվներին»: Վերջին տուրում Սերխիո Կոնսեյսաուի թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց «Բոավիշտուին»՝ առաջնությունում հաղթելով չորրորդ խաղն անընդմեջ:

Հիմա «Պորտուն» ավելի լավ տեսք ունի: Թիմը քիչ է փոխվել՝ դարպասում դեռ Իկեր Կասիլիասն է, պաշտպանությունում դեռ ակտիվ է Ալեքս Տելլասը, իսկ նրա կողքին՝ Ֆելիպեն, կիսապաշտպանության կենտրոնում էլ Էկտոր Էրերան է: Այս ֆուտբոլիստներին միացել է նաև Պեպեն:

«Շալկեի», «Գալաթասարայի» և «Լոկոմոտիվի» խմբում պորտուգալացիներն առաջին տեղը գրավեցին:

1/8 եզրափակչում «Պորտուի» մրցակիցը «Ռոման» էր: Հռոմում «վիշապները» պարտվեցին  1:2 հաշվով և նույն հաշիվով հաղթեցին պատասխան խաղում: Լրացուցիչ ժամանակի ընթացքում պորտուգալացիները կարողացան գոլ խփել 11-մետրանոց  հարվածից: Հենց այս միակ գոլն էր, որ պորտուգալացիներին դուրս բերեց քառորդ եզափակիչ: Անցյալ տարի «Պորտուն» կարողացավ հասնել միայն 1/8 եզրափակիչ, որից հետո նրանց դուրս թողեց հենց «Լիվերպուլը»:

Այս խաղում հյուրերին չի կարողանա օգնել Վենսան Աբուբակարան: Որոշակի առողջական խնդիրներ ունեն նաև Ֆաբիանոն և Ալեքս Տելլասը:

 Վիճակագրություն

  • Նախորդ մրցաշրջանում «Պորտուն» պարտվեց «Լիվերպուլին» 0:5 հաշվով, իսկ երկրորդ խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:
  • «Լիվերպուլը» երեք անգամ սեփական հարկի տակ հանդիպել է «Պորտուին» և ոչ մի անգամ չի պարտվել՝ 2 հաղթանակ և 1 ոչ-ոքի:
  • Լիվերպուլյան ակումբը վերջին 16 տնային խաղերում պարտություն չի կրել՝ 13 հաղթանակ և 3 ոչ-ոքի

«Լիվերպուլն» անցյալ մրցաշրջանում «վիշապների» հետ խնդիրներ չունեցավ և այսօր էլ  հանդիպման հստակ ֆավորիտն է: Անգլիացիներն առհասարակ համարվում են այս զույգի ֆավորիտը: «Կարմիրները» տանը շատ լավ են խաղում և, ամենայն հավանականությամբ, այս խաղում ակտիվ հարձակվելու են, որպեսզի Պորտուգալիա մեկնելուց առաջ զգալի առավելություն վաստակեն: «Կարմիրները»  լավ վիճակում են և կարող են ևս մեկ անգամ ջախջախել մրցակցին:

Սակայն, «Պորտուն» փորձելու է ապացուցել, որ պատահաբար չի հայտնվել քառորդ եզրափակչում: Անգլիայում պորտուգալացիները փորձելու են քիչ գնդակ բաց թողնել և հնարավորության դեպքում օգտագործել իրենց շանսը, որպեսզի կարողանան պատասխան խաղում ապավինել սեփական երկրպագուների աջակցությանը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ  եզրափակչի «Լիվերպուլ»-«Պորտու» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս