Ի՞նչն է խանգարում տնտեսական հեղափոխությանը

Վերջին շրջանում առավել հաճախակի է դարձել իշխանության կողմից տարբեր մակարդակներում տնտեսական հեղափոխության մասին խոսելը: Ընդ որում, այդ խոսակցություններին զուգահեռ՝ տնտեսական համակարգում, որպես այդպիսին, առանցքային փոփոխություններ դեռևս տեսանելի չեն:

Ավելին, այն գործողությունները, որոնք իշխանություններն իրականացնում են այս կամ այն ուղղությամբ, իրենց բնույթով ոչ միայն հեղափոխական՝ ռևոլյուցիոն չեն, այլև, ընդհակառակը, պարզ էվոլյուցիոն են: Պարզ ասած, նոր իշխանությունն անում է նույն գործը, նույն նախկին ծրագրերը՝ դրանք փոքրիշատե ճշգրտումների ենթարկելով: Ավելի լա՞վ են դա անում, թե՞ ավելի վատ, դեռևս կքննարկենք, սակայն պետք է արձանագրենք, որ փաստացի հեղափոխությունը կառավարության ծավալած գործունեության մեջ բացակայում է:

Եթե ընդունենք, որ տնտեսական հեղափոխության մասին խոսելիս այսօր նկատի չունենք տնտեսական հասարակարգի փոփոխությունը, այսինքն՝ մենք չենք պատրաստվում անցնել սոցիալիստական կամ այլ ռեժիմի, ապա «տնտեսական հեղափոխություն» եզրույթի տակ ավելի շատ հասկանում ենք «տնտեսական հրաշք» կամ «տնտեսական թռիչք», որը պետք է տնտեսությունը հանի դժվարին իրավիճակից և զարգացման բարձր մակարդակներ ապահովի: Այդպիսի օրինակներ համաշխարհային տնտեսության մեջ բազմաթիվ են, և դրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր առանձնահատկություններն ու յուրօրինակությունները:

Սակայն, միաժամանակ, դրանց մեջ կան նաև մի շարք ընդհանուր գծեր, որոնք, ըստ էության, բոլոր տեղերում հիմք են հանդիսացել տնտեսական թռիչք ապահովելու համար: Գալով մեր օրինակին՝ կարևոր է հասկանալ, թե որո՞նք են այն գործոնները, որ այսօր խանգարում են տնտեսական թռիչք ապահովելու կառավարության գաղափարախոսությանը: Իրականում դրանք բազմաթիվ են, սակայն մի մասն ունի առանցքային նշանակություն, որոնցից հիմնականներին կանդրադառնանք ստորև:

Բացակայում են նախադրյալներ: Ցանկացած տնտեսական թռիչք կամ տնտեսական հեղափոխություն անհնար է իրականացնել, եթե դրա համար չկան համապատասխան նախադրյալներ: Օրինակ՝ արդյունաբերական հեղափոխության համար այդ նախադրյալը հանդիսացավ գիտատեխնիկական զարգացումը, կապիտալիստականի համար՝ կապիտալի սկզբնական կուտակումը, սոցիալիստականի համար՝ եկամուտների անհավասարությունը, և այլն: Այս նույն երևույթն առկա է նաև ըստ երկրների արձանագրած տնտեսական թռիչքների համար:

Օրինակ, Բրազիլիայում տնտեսական հրաշքի գլխավոր նախադրյալը պայմանավորված էր էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմամբ, Սինգապուրում՝ գիտատեխնիկական հագեցվածությամբ, Արաբական երկրներում՝ նավթահանքերի շահագործմամբ, և այլն: Հարց է առաջանում՝ ո՞րը պետք է հանդիսանա մեր երկրի համար այն կարևորագույն նախադրյալը, որը պետք է հիմք հանդիսանա տնտեսական թռիչքի համար: Ծեծված պատասխանը՝ գիտությունը, հաստատ չի կարող լինել, որովհետև, եթե անկեղծ լինենք, մեր գիտությունը վաղուց այն չէ, որ կարողանա թռիչք ապահովել:

Այդ դեպքում, ո՞րն է այդ նախադրյալը: Հենց այս հարցի պատասխանը պետք է փնտրի կառավարությունը, և, եթե չի գտնում, ուրեմն նախ՝ պետք է զբաղվենք այդ նախադրյալները ստեղծելով, որը պարարտ հող և ֆունդամենտ կհանդիսանա հետագա թռիչքի համար:

Բարեփոխումներն ուշանում են: Տնտեսական թռիչքի հասնելու համար երկրորդ կարևորագույն բաղադրիչը, որն առկա է եղել այդ ճանապարհով անցած բոլոր երկրների դեպքում, բարեփոխումներն են՝ ռեֆորմները: Կլինեն դրանք օրենսդրական, տնտեսական, վարչական, թե կառավարման, կախված է տվյալ երկրի սպեցիֆիկայից: Սակայն չի կարող լինել այնպես, որ նույն համակարգը՝ նույն վիճակով, նոր ու աննախադեպ արդյունք ապահովի: Կարելի է մի քիչ լավ կամ մի քիչ վատ արդյունքի հասնել, սակայն հեղափոխական արդյունք նույն համակարգից չես կարող սպասել:

Այս առումով կառավարության գործունեության մեջ, թերևս, 2 բաղադրիչ է միայն նշմարվում. առաջինը կառավարության կազմն ու կառուցվածքն է, երկրորդը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունը: Ադդեն շուրջ մեկ տարի է, ինչ խոսում ենք այս 2 ռեֆորմների մասին, սակայն խոսքից գործի անցնելը դեռևս ուշանում է: Ավելին, այս երկուսը ևս բավարար չեն տնտեսական թռիչքի համար: Արդյունքի հասնելու համար պետք է համակարգային բարեփոխումներ իրականացվեն բոլոր ուղղություններով՝ միջավայրի բարելավման, ներդրումային գրավչության, և այլն:

Բացակայում են բարձրակարգ կադրերը: Ցանկացած լավ գործ, նախաձեռնություն կամ ծրագիր չի կարող իրականանալ, եթե չլինեն դրա իրականացնողները: Տնտեսական հեղափոխություն կարող են ապահովել այն մասնագետները, որոնք ունեն դրա համար գոնե բավարար մասնագիտական պոտենցիալ: Սակայն այսօրվա կառավարության կազմը և, հատկապես՝ իշխանության քաղաքական թիմը, մեղմ ասած, հեռու է ոլորտի չեմպիոնը համարվելուց: Այս առումով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմն էլ ավելի մեծ շանսեր ուներ տնտեսական թռիչք ապահովելու համար, քան այժմյանը: Ինչպե՞ս կարող եք ապահովել տնտեսական հրաշք, եթե, օրինակ, հանրապետությունում լավագույնը համարվող տնտեսագետները գործող իշխանության թիմում չեն և առհասարակ նրանց հետ չեն համագործակցում: Հրաշք կարող են ապահովել միայն լավագույնները, չեմպիոնները, և սա, թերևս, հեղափոխությանը խանգարող ամենամեծ խնդիրն է:

Բացակայում է տնտեսական քաղաքականությունը: Ցանկացած ծրագրի, իսկ առավել ևս՝ հավակնոտ ծրագրի իրականացման համար պետք է լինի հստակ մշակված տնտեսական քաղաքականություն, որն այսօր ոչ միայն հստակ չէ, այլև իսպառ բացակայում է: Արդեն մեկ տարի է անցել, և այս կառավարությունը դեռևս չի մատնանշել տնտեսական գերակայությունները, չի ասել, թե 3 կամ 5 տարի անց ինչպիսի՞ տնտեսություն է պատկերացնում Հայաստանի համար, ո՞ր ոլորտը պետք է լինի գերակա, և այլն: Այս պայմաններում խոսել տնտեսական թռիչքի մասին, երբ անգամ վաղվա անելիքներդ հստակ չես նախանշել, ուղղակի միամտություն է:

Վերջին կարևոր բաղադրիչը, որ անհրաժեշտ է տնտեսական թռիչքի համար՝ հասարակության հետ երկխոսությունն է: Սա, թերևս, միակն է վերոնշյալ նախապայմաններից, որ առկա է մեր երկրում:

Սակայն այստեղ էլ խնդիրը բովանդակության մեջ է: Որովհետև այդ երկխոսությունը չպիտի սահմանափակվի «ոչխար պահեք», «իսկ դո՞ւ ինչ ես արել պետության համար» արտահայտություններով, կամ գյուղացուն հարցնել, թե ինչո՞վ ես զբաղվում գյուղում, կամ էլ առավելագույնը՝ ով բողոքի կառավարության դիմաց, խնդրահարույց հարցը հանել օրենքի նախագծից: Պարզից պարզ է, որ գյուղացին գյուղում կոսմոնավտիկայով կամ միջուկային ֆիզիկայով չի զբաղվելու, կամ դպրոցի ուսուցիչը որքան էլ լսի վարչապետի հորդորը, կամ որքան էլ այն շահավետ լինի, միևնույն է, ոչխար չի պահելու…

Ասվածը նշանակում է, որ այդ երկխոսությունը պետք է լինի նպատակային, ոչ թե՝ խոսել՝ զուտ խոսելու համար: Այդ երխոսությունը պետք է մեսիջներ պարունակի, ոչ թե՝ պահանջներ և ուլտիմատումներ ներկայացնի:

Օրինակ, երբ զարգացած երկրում վարչապետը հայտարարում է, որ իրենք միտված են ոչխարաբուծությունը զարգացնելուն, և ներկայացնում է դրա հայեցակարգը, ներդրողներն անմիջապես սկսում են սպանդանոցներ կամ բրդի վերամշակման գործարան կառուցել, որովհետև կառավարությունից ստանում են այդ մեսիջը և տեսնում են այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, իսկ քանի դեռ այդ մեսիջները մարդիկ չեն ստանում և առաջնահերթ կառավարության քայլերը չեն տեսնում, խոսքը գործի չի վերածվելու: Անցնելու են տարիներ, մի ստին փոխարինելու է մի ուրիշը, սակայն տնտեսական հրաշքն այդպես էլ մնալու է երազանք: Իսկ մեզ մոտ վաղուց ժամանակն է, որ երազելու փոխարեն՝ անցնենք այդ երազանքների երկիրը կառուցելու գործին:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս