Բաժիններ՝

Ինտրիգային ընտրություններ ու սպասվող նշանակում՝ Արարատի մարզում

Քիչ առաջ Արարատի մարզպետարանում ավարտվեց մարզի երկու բժշկական կենտրոնների ղեկավար ընտրելու համար հայտարարված մրցույթը:

«Արտաշատի» բկ-ի ղեկավար դառնալու հայտ ներկայացրած երկու թեկնածուներից անցավ գործող՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը: Հայկ Համբարձումյանը բանավոր բոլոր հարցերին լիարժեք պատասխանեց, իսկ գրավոր քննության 50 միավորից վաստակեց 49-ը: Հայկ Համբարձումյանի միակ մրցակից համարվող ռազմական բժիշկ Տարոն Գասպարյանը գրավոր քննությանը վաստակած փայլուն միավորներին չկարողացավ բանավորի բարձր միավորներ գումարել, 5 հարցերից միայն 3-ին ճշգրիտ պատասխան տվեց:

Արդյունքում՝ մրցութային հանձնաժողովը «Արտաշատի» բկ ղեկավարի ընտրության հարցը փակեց մեկ ու կես ժամում, Հայկ Համբարձումյանը վերադարձավ բկ՝ աշխատանքի, մինչդեռ Վեդու բկ-ի պարագայում մրցակցությունն ավելի ինտրիգային դարձավ:

Այստեղ առաջադրված թեկնածուները 5-ն էին. երկուսը՝ մարզպետարանի աշխատակազմից, երկուսը՝ Վեդիից՝ գործող ժ/պ Սամվել Խաչատրյանն ու նույն բկ-ի նախկին ղեկավարի որդին՝ Արամայիս Գրիգորյանը, և Գյումրիից Հովհաննես Զոհրաբյանը, ով Պաշտպանության նախարարության ռազմական բժիշկներից է, և նրա անունը կապվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

4 ժամ տևած «հարցաքննությանն» առաջինը չդիմացավ հենց «Վեդու» բկ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խաչատրյանը, անհամեմատ թույլ արդյունքներով նա դուրս մնաց մրցույթի երկրորդ փուլից:

Վերջին փուլում, երբ բարձր միավորներ ստացած 4 թեկնածուները ներկայացրեցին բկ-ի զարգացման իրենց տեսլականը, հանձնաժողովը անսպասելի որոշում կայացրեց, երկու փուլում գերազանց դրսևորած միակ կին թեկնածուին ցածր միավոր տալով՝ որոշեց հանել հաղթածների շարքից:

Արդյունքում մնացին երեք երիտասարդները՝ մարզպետարանից Հայկ Բադալյանը, անհամեմատ լավ ներկայացած Արամայիս Գրիգորյանը և Գյումրիից Հովհաննես Զոհրաբյանը, որի դեպքում ակնհայտ էր թե պատրաստվածությունը, թե գիտելիքների պաշարը, և թե ամբիցիաները՝ մասնագիտական ոլորտում կայանալու համար:

Նրանք երեքն էլ համարվեցին հանձնաժողովի համար ընտրյալ թեկնածուներ:

Մարզպետարանի սոցիալական բաժնից ներկայացած Նունե Մարտիկյանը նախորդ երկու փուլերում փայլուն արդյունք ցույց տվեց, իսկ վերջին՝ երրորդ փուլը հաղթահարած մյուս երեք թեկնածուները՝ 90 և ավելի միավորներով, սպասում են մարզպետի հրամանին:

Այսինքն՝ Հայկ Բադալյանը, Արամայիս Գրիգորյանը և Հովհաննես Զոհրաբյանն այս պահին հանձնաժողովի ընտրած լավագույն թեկնածուներն են, իսկ թե, ի վերջո, մարզպետ Գարիկ Սարգսյանն ում նպատակարհարմար կգտնի նշանակել «Վեդու» բկ տնօրեն, պարզ կդառնա երեք օր հետո:

Որոշեցինք պարզել, թե ով է լինելու մարզպետի թեկնածուն: Մարզպետը սկզբում հայտարարեց, թե հաց է ուտում, լրագրողների հետ շփվելու ժամանակ չունի, հետո պատրվակ բերեց ինչ-որ հանդիպումների թեմա, 40 րոպե հետո՝ տեսնելով դռան առջև սպասող լրագրողներին, բանբերների միջոցով նախ ճշտումներ արեց, թե ինչ հարցեր ենք տալու, ու մի ակնթարթ դուրս եկավ, որպեսզի պատասխանի:

Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու այս երեք թեկնածուների ընտրության հարցում, ո՞վ է Ձեր թեկնածուն՝ հետաքրքրվեցինք մարզպետից:

Միջոցառման շտապող մարզպետը մանիպուլյատիվ պատասխան տվեց՝ նշանակողը ես չեմ, ում որ թափանցիկ անցկացված մրցույթում ընտրի հանձնաժողովը, նրան էլ կնշանակեմ:

Ճշտող հարցին՝ հաղթողները մի քանիսն են, հանձնաժողովը կատարել է իր ընտրությունը, ո՞նց եք նրանցից լավագույնին ընտրելու, մարզպետը կրկնեց նույն պատասխանն ու հեռացավ:

Լրագրողները ստիպված կրկին մոտեցան հանձնաժողովականներին, մարզպետի մոլորեցնող պատասխանի մեկնաբանությունը նույնն էր՝ հանձնաժողովի ընտրած երեք լավագույններից մեկին հայեցողաբար կնշանակի մարզպետը՝ երեք օրվա ընթացքում:

Ո՞ւմ նախապատվություն կտա մարզպետը՝ պարզ կդառնա առաջիկայում:

Մարզում շրջանառվող կանխավարկածի համաձայն՝ նրա թեկնածուն Արամայիս Գրիգորյանն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը մարզպետի խաղաքարտերը բացել է դեռ շաբաթներ առաջ: Մարտի 8-ին կանանց տոնի առիթով հրավիրած մի միջոցառման ժամանակ  ներկաներին խնդրել է շեղվել օրվա թեմայից և բաժակ բարձրացնել «Վեդու» բկ-ի կոլեկտիվի համար՝ ակնարկելով իր մոտալուտ նշանակման մասին:

Հիշեցնենք, որ նշված երկու բժշկական կենտրոնների նախկին ղեկավարների ազատման հիմքում քաղաքական երանգներ կային: Հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի սանիկը Նոր կյանքի գյուղապետից հեղափոխության արդյունքում միանգամից մարզպետ նշանակվեց, «Վեդու» և «Արտաշատի» բկ-ների ղեկավարներին, իրենց խոսքով՝ մի քանի անգամ կանչել և հարկադրել էր հրաժարականների դիմումները գրել, արդյունքում՝ հեղափոխական մարզպետի հրահանգին չենթարկված երկու բկ-ների ղեկավարներն էլ ազատվեցին պաշտոններից:

168.am-ը ժամանակին անդրադարձել է այս ազատումների քաղաքական և անձնական պատճառներին:

Ի դեպ, աղմկոտ ազատումների հիմքերով մարզպետը դատական մի քանի գործերում որպես մեղադրվող կողմ է ներգրավված:

Իսկ «Արտաշատի» և «Վեդու» բկ-ների պաշտոնանկ արված ղեկավարները հրաժարվել էին մասնակցել իրենց նախկին պաշտոնների համար հայտարարված մրցույթին, որպեսզի անուղղակիորեն չլեգալացնեին մարզպետի՝ իրենց ազատելու մասին «ապօրինին որոշումը»:

Սյուզի Բադոյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս