
Արցախի ՊԲ հրամանատարն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության անդամներին

Մարտի 30-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԺ ՙԻմ քայլը՚ խմբակցության մի խումբ անդամների` պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը ՀՀ խորհրդարանականներին է ներկայացրել օպերատիվ-մարտավարական իրադրությունը, ԱՀ պաշտպանական համակարգի կատարելագործման և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ, վերջին շրջանում իրականացված ու շարունակվող աշխատանքների ընդհանուր համալիրը:
Հյուրերը բանակի հրամանատարին վստահեցրել են, որ հայկական երկրորդ հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերը այսուհետ ևս կմնան իրենց ուշադրության կենտրոնում, և գործուն քայլեր կձեռնարկվեն հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության մակարդակը առաջիկայում նոր նշաձողի հասցնելու համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներկայացուցիչներ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն