Բաժիններ՝

«2019թ. պետբյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով». Նիկոլ Փաշինյան

«Վերջին երեք ամիսների ընթացքում ամփոփելով մեր գործունեությունը, եկել ենք այն եզրակացության, ավելի ճիշտ՝ համոզման, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարենք առնվազն 40 մլրդ դրամով, սա մոտավորապես 90 մլն դոլար է։ Այսինքն՝ 2019 թվականին պետական եկամուտները կլինեն առնվազն այսքանով ավելի, քան նախատեսված է ԱԺ-ի կողմից ընդունված պետական բյուջեով»,- այսօր Ազգային ժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի, բերված ցուցանիշը վերջին 9 տարիների համար աննախադեպ երևույթ է, քանի որ նախկինում չի եղել իրավիճակ, երբ բյուջեի եկամուտները գերակատարվեն։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հավելյալ եկամուտներով պատրաստվում են այս տարվա հուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել ՀՀ Զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով կբարձրացնեն հանրակրթական դպրոցների մանկավարժների աշխատավարձը, խոսքը 38 հազար ուսուցչի մասին է։

«Բացի այդ, մենք նախատեսում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 կմ ավտոճանապարհների տարբեր մակարդակների նորոգումներ, ինչը նույնպես աննախադեպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար։ Նաև հույս ունենք, որ այս գործընթացում կլինեն որոշակի խնայողություններ: Ի դեպ, այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը, սա բոլորովին այլ պատմություն է։

Կարդացեք նաև

Եվս 10 մլրդ դրամ մտադիր ենք հատկացնել սուբվենցիոն ծրագրերին, սրանք այն ծրագրերն են, որոնք իրականացվում են ՏԻՄ-երի հետ համատեղ։ Անկեղծ, նախորդ տարի ևս պատարստ էինք այդ գումար տրամադրել սուբվենցիոն ծրագրերին, բայց տարվա արդյունքներով պարզվեց, որ համայնքները պատրաստ չեն ծախսելու այդքան գումար, քանի որ ծրագրեր չունեն։

Հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի լիարժեք կերպով համայնքներում ծախսել այդ գումարը, որի արդյունքում քաղաքացիներն իրենց կյանքում կզգան կոնկրետ փոփոխություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ նշված 40 մլրդ դրամ հավելյալ գումարի մուտքը բյուջե կատարվել է ստվերի դեմ պայքարի և ՊԵԿ-ի վարած քաղաքականության արդյունքում։

Նա նաև վստահեցրեց, այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, փոխարենը կիրառվում է վերլուծական, բանակցային և երկխոսության մեթոդները։

«Շատ կարևոր գործոն է նաև քաղաքացիների և կառավարության համագործակցությունը, ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ քաղաքացիներն իսկապես լայնորեն արձագանքում են կառավարության կոչերին, որ իրենք ևս անելիքներ ունեն ստվերի դեմ պայքարում։

Ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականի մայիսից մինչև այսօր երկրում 65 մլն ՀԴՄ ավելի է տպվել, քան նախորդ ժամանակահատվածում։ Կարծում եմ՝ սա ևս մեկ ապացույց է, որ հասարակությունը և կառավարությունը երկխոսության մեջ են»,- շեշտեց Ն. Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս