Պաշտոնյայի տարօրինակ կոչը մամլո խոսնակներին

Կառավարության տեղեկատվական բլոկի պատասխանատուն օրերս ժողով է հրավիրել իր մոտ՝ նախարարների համար հաշվետվողականության նոր սկզբունքներ սահմանելու նպատակով:

Նշենք, որ կառավարությունում` նախարարների մամուլի խոսնակներին, առընթեր մարմինների ղեկավարների խոսնակներին ժողովի հրավիրելը նոր բան չէ, եղել է նաև նախկին իշխանության օրոք, բայց գրեթե բոլոր դեպքերում դրա իմաստը եղել է այն, որ հավաքը ծառայի նախարարությունների փոխհամաձայնեցված աշխատանքին: Վարչապետի խոսնակները, որպես կանոն, նման հանդիպումներ անցկացնում էին սպասվող օրենսդրական խիստ կարևոր նախաձեռնությունների դեպքերում, որպեսզի գործընկերներին հուշեին, ուղղորդեին, թե ինչ տեսանկյունով ու ինչ մեսիջներով պետք է կառավարության ամբողջ կորպուսն իր աշխատանքների լուսաբանումն ապահովի:

Ու սա բնական է լրատվադաշտում, պետական համակարգի գործունեությունը լուսաբանելու մոտեցումներ մշակվում են ամեն նոր ղեկավարի նշանակումով պայմանավորված:

Սակայն վերոնշյալ հանդիպումը տարբերվել է նախորդներից մի քանի առումներով: Հանդիպման նախաձեռնողը ոչ թե վարչապետի խոսնակն է եղել, այլ «Կառավարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը:

Կառույցի 150 հոգանոց աշխատակազմի գործառույթները բազմազան են, իսկ հիմնականներից մեկն այն է, որ աշխատակիցների մի խումբը պետք է անընդհատ հետևի ողջ լրատվադաշտի լրահոսին, ըստ այդմ, լրաքաղ արված կարևորագույն ինֆորմացիան, այդ թվում՝ պետական համակարգի ու նախարարների գործունեության արձագանքների վերաբերյալ, խմբավորի և ամեն օր վերլուծությամբ ներկայացնի կառավարության ղեկավարին:

Ի դեպ, Հովհաննես Մովսիսյանը, չնայած ոլորտում ունեցած համեստ կենսափորձին, այս պաշտոնին նշանակվեց հեղափոխության արդյունքում: «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Հ. Մովսիսյանը հետևում էր Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների քայլարշավին, հընթացս ապահովում էր նրանց լուսաբանումը ռադիոկայանի եթերում:

Հ. Մովսիսյանը մեղմորեն իր դժգոհությունն է արտահայտել խոսնակների աշխատանքի վերաբերյալ, ու որպեսզի բացատրի, թե ինչ ակնկալիքներ ունի նրանցից՝ նախ պահանջել է, որ նախարարների գործունեությունը լուսաբանող նյութերի տարափ ապահովեն կայքերում, և ապա հետաքրքիր մի դիտարկում է արել՝ նմանվեք Արտաքին գործերի նախարարի խոսնակին:

Խոսքն ԱԳՆ Աննա Նաղդալյանի մասին է, ով իրականում շատերի կարծիքով է իր գործում պրոֆեսիոնալ: Սակայն այդ արտահայտությունն անհարմար դրության մեջ է դրել գործընկերներին: Վիրավորված են, ասում են՝ հին սովորույթի ոճով՝ դպրոցի տնօրենի պես, մեզ կոչ է անում՝ «նմանվեք գերազանցիկ աշակերտուհուն»:

Խոսնակների առաջին ռեակցիան այս կոչին տարբեր է եղել, զարմացած են, որ այդքան ոչ նրբանկատ լինելով՝ Հովհաննես Մովսիսյանը բարձր որակների ու չափանիշերի մասին գնահատումները բառերով դժվարացել է ձևակերպած արտահայտել:

Մխիթարվում են նրանով, որ դարձյալ փորձի պակասից է գալիս: Բայց կառավարման գործում թույլ ունակությունները հաճախ փորձառությամբ են կոմպենսացվում:

Ի դեպ, այս հանդիպումից հետո որոշ խոսնակներ դեռևս դժվարանում են կառավարությունից ստացած հանձնարարականը փոխանցել իրենց նախարարներին: Հովհաննես Մովսիսյանը, թերևս, տեղյակ չէ, որ հեղափոխական որոշ նախարարներ տոտալ մերժում են իրենց խոսնակների հետ համագործակցությունը և խոսնակի պրակտիկան ընդհանուր առմամբ:

Փոխարենը՝ երիտասարդ նախարարները նախընտրում են մեկուսանալ իրենց աշխատասենյակներում, և, երբ սիրտները տա՝ միացնում են իրենց բջջային հեռախոսները, դիրքավորվում ու Ֆեյսբուքի միջոցով լայվով ինքնուրույնաբար տեղեկատվություն տարածում, ճիշտ այնպես, ինչպես իրենց առաջնորդն է անում ամիսը մի քանի անգամ։

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս