Որքան կշահի ՀՀ քաղաքացին ԵԱՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման դեպքում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 21-ին հայտարարել է ԵԱՏՄ երկրներում ռոումինգի հնարավոր չեղարկման մասին: «Արմենպրես»-ը փորձել է պարզել, թե ռոումինգի հնարավոր չեղարկումից հետո որքանով կշահի ՀՀ քաղաքացին:
«Յուքոմ» ընկերությունից մեզ տեղեկացրին, որ ԵԱՏՄ տարածքում ռոումինգն ամենացածր գինն ունի Ռուսաստանի Դաշնությունում: Այստեղ ամենամատչելի օպերատորը «Մեգաֆոնն» է, որի դեպքում մուտքային և ելքային զանգերը Ռուսաստան մեկնած բաժանորդի համար կարժենան 29 դրամ: Ինտերնետի մեկ մեգաբայթը կարժենա 5 դրամ, իսկ Ռուսաստանի այլ ցանցեր զանգերը՝ 59 դրամ: «Հայաստանի այլ ցանցեր զանգահարելու համար բաժանորդը ստիպված կլինի րոպեի համար վճարել 120 դրամ»,-տեղեկացրին ընկերությունից:
Ի տարբերություն Ռուսաստանի՝ ԵԱՏՄ մյուս երեք երկրներում՝ Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում մուտքային, ելքային զանգերն արժեն 250 դրամ, մինչդեռ միջազգային ելքային զանգերը բաժանորդից մեկ րոպեի համար կգանձեն 2200 դրամ: Մեկ հաղորդագրության արժեքը 100 դրամ է:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից տեղեկացրին, որ Ռուսաստանում ՄՏՍ-ին միանալու դեպքում Ռուսաստանի տարածքում զանգը կարժենա 25 դրամ, դեպի Հայաստան զանգերը րոպեում 25 դրամ, այլ ցանցեր զանգելու դեպքում՝ 50 դրամ: «Մեկ հաղորդագրության համար, ինչպես նաև մեկ մեգաբայթ ինտերնետի համար բաժանորդը կվճարի 9 դրամ»,-տեղեկացրին ընկերությունից:
ԵԱՏՄ մյուս երեք երկրներում մուտքային և ելքային զանգերը բաժանորդի վրա կարժենան 180 դրամ, մեկ հաղորդագրությունը 60 դրամ, իսկ մեկ մեգաբայթ ինտերնետի համար բաժանորդը ստիպված կլինի վճարել 600 դրամ»,-տեղեկացրին ՄՏՍ-ից:
«Բիլայն» ընկերությունից տեղեկացրին, որ Ռուսաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում ելքային և մուտքային զանգերը կարժենան 24.99 դրամ: Այլ օպերատորներին զանգահարելու համար բաժանորդից կգանձվի 250 դրամ և բաժանորդը հնարավորություն կունենա 5 րոպե անվճար խոսելու: Վեցերորդ րոպեից բաժանորդից մեկ րոպե խոսելաժամանակի համար կգանձվի 50 դրամ:
Բելառուսի դեպքում սակագներն այլ են՝ դեպի Հայաստան զանգելու դեպքում բաժանորդից կգանձվի 250 դրամ՝ հինգ րոպե անվճար խոսելու հնարավորությամբ: Վեցերորդ րոպեից մեկ րոպե խոսելաժամանակի համար բաժանորդից կգանձվի 50 դրամ: Դեպի ԱՊՀ երկրներ մեկ րոպեի արժեքը 600 դրամ է, միջազգային զանգերը 1700 դրամ րոպեի համար, ինտերնետի մեկ մեգաբայթն արժե 250 դրամ, մեկ հաղորդագրությունը՝ 50 դրամ: