Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ դպրոց այցի մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հանձնարարությամբ երեկ Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոց գործուղված աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել և առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների, աշակերտների ինչպես նաև դպրոցում այդ պահին գտնվող Ոստիկանության ներկայացուցիչների հետ: Այցի համար հիմք են հանդիսացել ինչպես Պաշտպանի մշտադիտարկման արդյունքները, այնպես էլ բողոքները:

Առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ նորանշանակ տնօրենը դպրոց աշխատանքի անցնելու հաջորդ օրը հանդիպել է փոխտնօրենին և առաջարկել է, որ հրաժարվի փոխտնօրենի պաշտոնից, սակայն շարունակի աշխատել որպես ուսուցիչ: Տնօրենի խոսքով՝ փոխտնօրենը համաձայնել է աշխատել որպես ուսուցիչ, սակայն հաջորդ օրը դպրոցի գործավարը հրաժարվել է կազմել փոխտնօրենի աշխատանքից ազատման և այլ աշխատանքի տեղափոխման հրամանի նախագիծը, իսկ ուսուցիչները սկսել են բողոքել տնօրենի որոշման դեմ և հրաժարվել են աշխատել իր հետ:

Դպրոցի ուսուցիչները նշել են, որ փոխտնօրենը եղել է ճնշված վիճակում, և այդ պատճառով է համաձայնվել տեղափոխվել այլ աշխատանքի, իսկ իրենք հորդորել են փոխտնօրենին մնալ նույն աշխատանքում։ Ըստ ուսուցիչների՝ երեխաները նույնպես պահանջում են, որ նոր տնօրենը հրաժարվի իր պաշտոնից, իսկ շատ ծնողներ պատրաստ են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց, եթե խնդիրը լուծում չստանա:

Մարդու իրավունքների պաշտպանի համար դպրոցում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դրա հետևանքով խաթարվում է երեխաների՝ Սահմանադրությամբ երաշխավորված կրթության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն այն համոզված դիրքորոշման է, որ պետությունը կոնկրետ իրավիճակում պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել երեխաների սահմանադրական իրավունքի իրացումը երաշխավորելու համար, քանի որ դա է պահանջում երեխայի լավագույն շահը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է հասցեագրել Կրթության և գիտության նախարարին, Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, ինչպես նաև Ոստիկանություն՝ յուրաքանչյուրին իր իրավասությանն առնչվող հարցերով:

Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի ուշադրության ներքո պահել Ավշարի դպրոցի հետ կապված իրադարձությունները՝ համագործակցելով բոլոր կողմերի հետ և իր իրավասության սահմաններում աջակցելով իրավիճակի հանգուցալուծմանը:

Հիշեցնենք, որ դպրոցում իրականացվող դասադուլի և գործադուլի հետ կապված Պաշտպանին են հասցեագրվել բողոքներ, ինչպես նաև ահազանգով տեղեկություն է փոխանցվել, որ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո դպրոց են այցելել ոստիկանության ծառայողներ:

Տեսանյութեր

Լրահոս