Բաժիններ՝

«Ակցիզային հարկի բարձրացմանը կհետևեն թանկացումներ». Կարեն Չիլինգարյան

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն անդրադառնալով Հայաստանի սպառողական շուկայում տեղի ունեցող թանկացումներին՝ նշեց, որ զարմանալ պետք չէ, քանի որ թանկացումներ միշտ եղել են ու կլինեն՝ դա բնականոն ընթացք է, և ապրանքների գինը թելադրում է շուկան։

Ըստ նրա՝ թանկացումներին զուգահեռ՝ տեղի է ունենում նաև էժանացում, օրինակ՝ վերջին շրջանում մսի գինն էժանացել է։

Ինչ վերաբերում է ակցիզային հարկի բարձրացմանը, որը հարուցել է գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունը, Կարեն Չիլինգարյանը նշեց, որ օրինագիծ ներկայացնողները նախապես չեն խորհրդակցել տնտեսվարողների հետ և չեն մտածել, թե այն ընդունելուց հետո ինչ կլինի։

«Ինչո՞ւ են թանկացնում հենց այդ ոլորտը, ինչո՞ւ են թանկացնում հենց ակցիզը, չէ՞ որ այստեղ առաջանում է նաև մրցակցության խնդիր։ Վրաստանից ներկրվող լիմոնադները, որն ունի բարի համբավ, Վրաստանում պահպանում են այդ բրենդը և  ինչ-որ ձևով մրցակցում, մեզ մոտ լավ վաճառվում են, չնայած մեր տեղական լիմոնադներից թանկ են։ Եթե մեզ մոտ ակցիզը բարձրացնում են, նշանակում է` թանկացումներ կլինեն։ Փոխանակ մտածեն այնպես անել, որ բարի համբավ ձեռք բերեն և սկսեն մեր արտադրանքն արտահանել, հակառակն են անում, ինչն արտադրողին հետ կպահի մրցակցությունից»,- նշեց Կարեն Չիլինգարյանը։

Ինչ վերաբերում է այն արդարացումներին, թե ակցիզային հարկը բարձրացնելու հետևանքով՝ 3 մլրդ դրամ մուտք կապահովվի պետական բյուջե, Կ. Չիլինգարյանը հարցրեց՝ արդյո՞ք դա կարդարացվի։

«Եթե այդ ուղղությամբ ամեն ինչ դիտարկենք, ապա դա արտադրողների մոտ մրցակցության խնդիրներ կառաջացնի, և որոշները, հնարավոր է՝ փակվեն, որի հետևանքով նաև աշխատողներ կկրճատվեն»,- շեշտեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահը։

168.am-ի հարցին, թե ինչի՞ հաշվին է շուկայում էժանացել միսը, քանի որ «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահը բազմիցս ասել է, որ 70 հազարով նվազել է խոշոր եղջերավորների գլխաքանակը, ինչը բերել է մսի թանկացման, Կարեն Չիլինգարյանը պատասխանեց՝ շուկան է թելադրում գները, գուցե նաև այս շրջանում շատ անասուն են մորթում, բացի այդ, կա նաև ներկրում։

«Վերջին շրջանում շատ են ներկրում խոզի և տավարի միս Բելառուսից ու Ուկրաինայից, խոզի սառեցված միսն էլ ներկրվում է Բրազիլիայից և այլ երկրներից։ Սպառողի համար սա ուրախալի լուր է, որ մսի գինն իջել է։ Անասունների գլխաքանակի հետ կապված՝ չեմ կարող ասել՝ կրճատվե՞լ է, թե՞ ոչ։ Առջևում ամառ է, մարդիկ ամռանն են խորոված ուտում, գուցե խոզի միսը թանկանա։ Օրինակ՝ ոչխարի միսը թանկացել է, այստեղ խնդիր կա»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս