«Եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու». Մնացականյան
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամկետները և վայրը դեռևս չեն հրապարակվում։ Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, կա ձևավորված մշակույթ, որ հանդիպման ժամկետները և վայրը համաձայնեցվում են, հետո միաժամանակ հայտարարվում է այդ մասին։ Ըստ նրա՝ այդ պահը դեռևս չի եկել, որպեսզի հայկական կողմը հայտարարի։
«Մենք գնում ենք օրակարգով, որ արտահայտված է շատ հստակ, արտահայտված է ՀՀ վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում, այդ մոտեցումների շուրջ, և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգավվել երկխոսության մեջ, շարունակել այն երկխոսությունը, այն ընթացքը, որ մենք ունենք։ Կա ձևավորված բանակցային շրջանակը, այդ 3 սկզբունքները և 6 տարրերը, և վարչապետը Ստեփանակերտում ասել է, որ կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանվում, ինչպես են դրանք ընկալվում։ Մենք այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ 3 սկզբունքների և 6 տարրերի փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնք հիշեցրեցին նաև վերջերս։
Այդ առումով, գիտեք, որքան հստակ ենք եղել մենք մեր մոտեցումներում, որոնք վերաբերում են առաջին հերթին՝ կարգավիճակին և անվտանգությանը։ Մեր մոտեցումները վերաբերում են նրան, թե ավելի արդիական և ավելի արդյունավետ պրակտիկ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի ԼՂ ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը, և նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի՝ որպես նախապայման, այլ՝ որպես արդյունավետությանն ուղղված մոտեցում»,- ասաց Զ.Մնացականյանը։
Նա նշեց, որ ՀՀ-ն անդրադարձել է խաղաղությանը նպաստող միջավայրի հարցերին, և այդ առումով նույնպես վարչապետը շատ համարձակ արտահայտվել է.
«Բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը մնում է օրակարգում։ Այո՛, ՀՀ վարչապետն ունեցել է համարձակություն ասելու այն, ինչ ասել է, ինչ վերաբերում է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում ձևավորելուն և, բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել։ Եթե մենք իսկապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից։ Այս հարցերը և մնացած այն դիրքորոշումները, որ հնչեցրել ենք, միասնական փաթեթի մեջ արտահայտում են այն մոտեցումները, որոնք ձևավորվել են, արտահայտվում են մեր կողմից։ Մենք հասկանում ենք, որ կան նոր գաղափարներ, որ արտահայտվել են մեր կողմից, որովհետև գոյություն ուներ 20 տարվա ձևավորված ձևաչափը և տարբեր գաղափարներ, որ ձևավորվել են այն ժամանակ։ Մենք փորձում ենք մեր այս նոր մոտեցումներով, տրամադրությամբ ու վստահությամբ փորձել զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք բանակցային գործընթացում իրապես արդյունավետ շարժվենք առաջ։ Սա է տրամադրությունը մեր կողմից»։
Անդրադառնալով Արցախի արտգործնախարարի հայտարարությանը, որ սկզբունքները հնացած են, Զ.Մնացականյանը նշեց, որ Մասիս Մայիլյանն արտահայտվել է՝ որպես ԼՂ արտաքին գործերի նախարար։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները և ինքն անձամբ շարունակական աշխատում են Արցախի իշխանությունների հետ, փոխանակում են մոտեցումներն ու դիրքորոշումները.
«Դա իրապես պրակտիկ հարց է այն առումով, որ Հայաստանի իշխանությունները և Արցախի իշխանությունները տարբեր միավորներ են, և, ամենակարևորը, որ մենք երբևէ որևէ ձևով չենք հրաժարվել ու չենք հրաժարվում մեր դերակատարությունից խաղաղության այս գործընթացի մեջ։ Այո՛, Հայաստանը եղել և մնում է միակ երաշխավորն Արցախի անվտանգության, մեր դերակարտարությունը շատ լավ հասկանալով և մնալով հավատարիմ խաղաղ գործընթացին ու բանակցային գործընթացին՝ մենք աշխատում ենք և կարող ենք ունենալ մոտեցումներ, որոնք ենթակա են քննարկման ու բանակցությունների Արցախի մեր գործընկերների հետ, որը շատ նորմալ երևույթ է»։
Սկզբունքների վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ, եթե դրանք դիտարկում ենք «սկզբունքորեն շրջանակ», որի մեջ աշխատանք է տարվում փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, ապա՝ այո, այդ շրջանակը գոյություն ունի, և որևէ մեկը երբևէ չի մերժել, որ այն գոյություն ունի։
Սակայն, ըստ նրա՝ այդ շրջանակի մեջ շատ էական հարց է մոտեցումների, դիրքորոշումների և պարտավորությունների մեկնաբանումն ու համադրումը, որովհետև եթե պարտավորությունների համադրման առումով կա անհավասարություն, եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու։
Զ.Մնացականյանի խոսքով՝ շատ հաճախ հայկական կողմին հարց է տրվել, թե որքանո՞վ է Հայաստանը զիջում. «Այս հարցով նույնպես առիթ ունեցել ենք անդրադառնալու, որ չի կարող լինել նման երևույթ, դա չի աշխատելու։ Նույնիսկ, եթե նման ցանկություն ունեցող մարդ կա, դա չի աշխատելու՝ անկախ նրանից, թե որտեղ է այդ մարդը գտնվում։ Մենք ընդգծել ենք շատ հստակ մի սկզբունք՝ ԼՂ հակամարտության խնդիրը վերաբերում է մարդուն, 150 հազար մարդկանց, և նրանց անվտանգության համապարփակությունը մնում է ամենակարևոր սկզբունքային խնդիրը։
Մենք ունե՞նք առիթ խոսելու իրենց ֆիզիկական էքզիստենցիալ անվտանգության խնդրի մասին։ Այո՛, մենք ունենք, նաև այդ հարցը մեկնաբանվել է մեր կողմից, և դրանից բխող կարգավիճակի հարցը։ Սա է հիմնական մոտեցումը, որ վերաբերում է պարտավորությունների համադրմանը՝ մարդկանց կյանքը կերտելու ապահովումը շարունակել պահպանել այնպես, ինչպես որ կա։ Այստեղ կա և ԼՂ դերակատարությունը, որ քաղաքական միավոր է, որ ունի բոլոր հիմքերը կառուցելու կյանքը ԼՂ-ում՝ որպես քաղաքական միավոր, և արտահայտել է իր ձևակերպումը, որ վերաբերում է կարգավիճակին, և կա մեր դերակատարությունը, որ վերաբերում է անվտանգության երաշխավորմանը։ Այստեղ մեր դիրքորոշումները և պարտավորությունները շատ հստակ են՝ հավասարության խախտումը չի կարող ի հայտ գալ, որովհետև դա երբևէ չի աշխատել»։