Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը դադարեցվեց. սկսվել են «բանակցություններ»
Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքներն առանց խոչընդոտների իրականացնելու և սրճարանների աշխատակիցներին լսելու համար Երևանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը և Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը պայմանավորվեցին այսօր դադարեցնել սրճարանների ապամոնտաժումը։ Այսօր երեկոյան սրճարանի ներկայացուցիչները հանդիպելու են Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ:
Սրճարանների աշխատակիցների խոսքով՝ Երևանի քաղաքապետը նման որոշում է կայացրել՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու:
«Բա ո՞ւր մնացին մարդկային արժեքները, մեր պետության առջև ծառացած առաջնային խնդիրն այս սրճարանների խնդի՞րն է, մեր քաղաքում այնքան խնդիրներ կան»,- դիմելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին՝ ասացին սրճարանների աշխատակիցները։
Քաղաքապետարանի և սրճարանների ղեկավարների միջև ընթացող «բանակցություններին» կմասնակցեն սրճարաններից մեկ-երկու աշխատակից և իրավաբան։
Խորհրդակցությունից մի քանի րոպե անց Վիկտոր Մնացականյանը տեղեկացրեց, որ որոշել են երեկոյան 18։00-ին հանդիպել քաղաքապետարանում.
«Սակայն, անկախ ամեն ինչից, մենք մեր մտադրությունից հետ չենք կանգնելու, այսինքն՝ այս սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ Այս պահին որոշեցինք, որ ճիշտ կլինի, որ ապամոնտաժման աշխատանքները մի պահ դադարեցնենք, որպեսզի մինչև վաղը հասկանանք, թե ինչ են ուզում մեզանից»,- շեշտեց Վ. Մնացականյանը։
Զվարթ Խաչատրյան