«ՀՀ-ՆԱՏՕ հավակնությունները հենց այն մակարդակի  են, որ երկու կողմից էլ ցանկալի են»․ Ջեյմս Ապաթուրայ

«Կառավարությունը բովանդակային ՆԱՏՕ-ի շաբաթ է կազմակերպել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը, ով Հայաստանում է  «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակում։

Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ը Հայաստանում մեկնարկել է այսօր և կշարունակվի մինչև մարտի 18-ը։

Ջեյմս Ապաթուրայն ասաց, որ մինչև իր պաշտոնավարումը և դրա ընթացքում ՀՀ-ն և ՆԱՏՕ-ն ունեցել են բովանդակային, կայուն հարաբերություններ առանց քաղաքական բարդությունների, որը մեծ բավականություն է պատճառում։ Նա նշեց, որ այսօր ՀՀ նախագահի, նախարարների և խորհրդարանում ունեցած հանդիպումների միջոցով հաստատվեցին իր համոզմունքները, որ կայուն քաղաքականությունը շարունակվելու է արտաքին հարաբերություններում և պաշտպանության ոլորտում։ Իր  բոլոր զրուցակիցներին Ապաթուրայը հավաստիացրել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել իր հաստատուն ուղին ՀՀ-ի հետ հարաբերություններում։ Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ-ին՝ հայ ժողովրդին ցուցաբերվող առաքելություններ համար։

Ջեյմս Ապաթուրայը նշեց նաև, որ ՀՀ-ն իր նպաստն է բերում խաղաղության գործընթացների ապահովմանը ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս ևս՝ ՄԱԿ-ի հովանու ներքո, համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ օգնում է Հայաստանին նաև իր մնացած  առաքելություններում ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս։

«Այսօր քննարկել ենք մեկ այլ առաջնահերթություն՝ կոռուպցիայի դեմ պայքարը։ Առաջին ուղերձն այն էր, որը լսեցինք նախարար Տոնոյանից, որ Կառավարությունը մտադիր է այս ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ քայլեր ձեռնարկել և ակնկալում է ՆԱՏՕ-ից աջակցություն, և ՆԱՏՕ-ն կարող է աջակցել։ Ամեն երկրում, այդ թվում՝ իմ երկրում,  պաշտպանության ոլորտը կարևոր է այս հարցում, քանի որ մեծ միջոցներ են շրջանառվում այդտեղ։ Իմ այցի ընթացքում լրացուցիչ քայլեր ձեռնարկեցինք այս ուղղությամբ կառուցելու, ամրացնելու բարեվարքը։ Եվս մեկ կարևոր քայլ, որը Կառավարությունը վերջերս ձեռնարկեց, քաջալերում ենք, «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» նախաձեռնությունն էր։ Մենք հավատում ենք, որ «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» գործողությունների ծրագրի հաստատումը դրական է անդրադառնում հաստատությունների վրա, որոնք դա իրականացնում են և երկրի վրա։ Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ունենք։ Կառավարությունը բովանդակային ՆԱՏՕ շաբաթ է կազմակերպել, որը ցույց կտա, թե ինչպիսին է մեր գործընկերությունը, և խթան կհանդիսանա մեր համագործակցության համար»,- ասաց Ապաթուրայը։

Բանախոսն ասաց, որ ՀՀ-ՆԱՏՕ  համագործակցության հարցում կողմերի հավակնությունները հենց այն մակարդակի վրա են գտնվում, որ երկու կողմից էլ ցանկալի են համարվում։ Նա տեղեկացրեց, որ այսօր Երևանում ունեցած իր բարձրաստիճան հանդիպումների ընթացքում ասել է, որ եթե բարեվարքության և պաշտպանության ոլորտում կրթության ծրագրեր իրականացնելու ցանկություն լինի, կարելի է  միասին ուսումնասիրել, քննարկել։

«Անհերքելի է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունները զարգանում են, և հնարավոր զարգացումներ կարող են լինել ՀՀ մասնակցության տեսանկյունից ևս, բայց սա Հայաստանի որոշումն է 100%-անոց։ Հարաբերություններում չկա քաղաքական խոչընդոտ»,- ասաց Ապաթուրայը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս