Ճապոնիան կզբաղվի Ասիայում կիբեռահաբեկչության հակազդման համակարգի ստեղծմամբ. Nikkei
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է զբաղվել կիբեռահաբեկչության հակազդման՝ Ասիայում առաջին բազմազգ կառույցի ստեղծմամբ: Դրան անդամակցելու առաջարկությունը ենթադրվում է ուղարկել ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրներ: Այդ մասին հայտնել է Nikkei թերթը:
Տոկիոն, թերթի տվյալներով՝ նաեւ կարեւոր է համարում Ռուսաստանի եւ Չինաստանի մասնակցությունը նոր համակարգին: Այդ կառույցի ստեղծման վերաբերյալ կոնկրետ առաջարկությունը ենթադրվում է անել օգոստոսին ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանային համաժողովի՝ անվտանգությանը նվիրված նստաշրջանում:
Սկզբնական շրջանում Տոկիոն մտադիր է առաջարկել տեղեկատվության արագ փոխանակաման համակարգի ստեղծում տարածաշրջանի պետությունների միջեւ կիբեռգրոհների դեպքում:
Ենթադրվում է նաեւ զարգացող երկրներին փոխանցել նման հարձակումների բացահայտման եւ հակազդման տեխնոլոգիաներ: Տոկիոն մտադիր է նաեւ առաջարկել կիբեռանվտանգության մասին օրենսդրության միասնացում, համապատասխան համակարգերի եւ տեխնոլոգիաների համատեղ մշակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: