Մեյը Brexit-ի պատճառով զրկվել է գրեթե բոլոր նախարարների աջակցությունից. The Daily Telegraph
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) հետ կապված ճգնաժամային իրադրության պատճառով զրկվել է գրեթե բոլոր նախարարների աջակցությունից:
Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը: Հրատարակության տվյալներով՝ բրիտանական կառավարության անդամները հանդես են գալիս հուլիսից ոչ ուշ Մեյի հրաժարականի օգտին, որպեսզի Պահպանողական կուսակցության նոր ղեկավարը կարողանա անցկացնել Brexit-ի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը, եթե խորհրդարանը դեմ արտահայտվի առանց Բրյուսելի հետ համագործակցության համաձայնագրի Եվրամիությունից Միացյալ թագավորության դուրս գալու հեռանկարին:
«Ես կասեի, որ կաբինետում կա միայն երկու նախարար, որոնք դեռեւս աջակցում են նրան: Մնացած բոլորը կորցրել են հավատը ղեկավարելու նրա ընդունակության նկատմամբ»,- նշել է թերթի կառավարական աղբյուրը:
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը մարտի 12-ին պարտություն կկրի Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ ձեռք բերված համաձայնագրի շուրջ հերթական քվեարկության ընթացքում: Արդեն հաջորդ օրը պատգամավորները, ինչպես սպասվում է, կքվեարկեն առանց գործարքի Brexit-ի սցենարի իրագործման հարցի շուրջ եւ, կանխատեսումների համաձայն՝ կմերժեն այդ տարբերակը:
Եթե խորհրդարանականները դեմ արտահայտվեն «կոշտ» Brexit-ին, ապա այնուհետեւ նրանք կքննարկեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգման անհրաժեշտությունը, ինչը վերջնականապես կխարխլի Մեյի դիրքերը, գրում է հրատարակությունը: The Daily Telegraph-ը նշում է, որ բրիտանական կառավարության ղեկավարը կարող է իր պաշտոնը թողնել արդեն մարտի 13-ի երեկոյան, եթե ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը նախաձեռնի եւ շահի քվեարկությունը կառավարությանն անվստահության քվե հայտնելու շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: