Ըմպելիքը, որը պաշտպանում է սրտային հիվանդություններից
Ըստ Լոնդոնի թագավորական քոլեջի փորձագետների՝ դա հապալասի հյութն է:
Օրական 200 գրամ հապալասի կամ նույն հատապտղից պատրաստված միևնույն քանակի հյութի օգտագործումը օգնում է իջեցնել արյան ճնշումը և զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականների կարծիքով, այս հատապտուղների օգտակար հատկությունների մասին վկայում է իրենց կողմից կատարված փորձը: Գիտնականները ուսումնասիրությանը մասնակցելու համար հրավիրել են թվով 40 հոգու, ովքեր պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբերի: Որոշ մասնակիցների առաջարկել են ամեն օր խմել 200 գրամ հապալասի ըմպելիք, իսկ մյուսներին առաջարկել են առանց այդ հատապտղի այլ ըմպելիք: Պարզվել է՝ նրանց մոտ, ովքեր մեկ ամսվա ընթացքում հապալասի հյութ են խմել, սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազել է 20 տոկոսով:
Ստացված արդյունքները վերլուծելուց հետո նոր գիտական աշխատանքի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ օգուտը հապալասից բացատրվում է նրա մեջ պարունակվող բաղադրիչներով, սակայն առանցքային դերը այստեղ խաղում են անտոցիանները, որոնք մեծ քանակությամբ են պարունակվում հապալասի մեջ: Այս միացությունները, որոնք շատ հատապտուղների և մրգերի տալիս են իրենց բնորոշ գույներ, ազդեցություն են ունենում արյան ճնշման վրա՝ կարգավորելով այն, և դրանով իսկ բարենպաստ ազդեցություն գործում ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Փորձագետները նշում են, որ, եթե արյան ճնշման դեմ պայքարի ոչ մի միջոց չձեռնարկվի, ապա այն կարող է հանգեցնել ինֆարկտի, ինսուլտի, այլ սրտանոթային հիվանդությունների և նույնիսկ՝ երիկամների հիվանդության: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Gerontology Series A. գիտական հրատարակությունում:
Հրապարակման պատրաստեց Լաուրա Ասատրյանը