Բաժիններ՝

«Կանանց իրավունքները խախտողները հաճախ նաև կանայք են լինում»

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է՝ որպես Կանանց միջազգային օր:

Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանի կարծիքով՝ լինելով քրիստոնյա, եվրոպական մշակույթի մաս, հայ հասարակության մեջ պետք է արմատավորենք այն ստանդարտը, որ կինը և տղամարդը նախևառաջ մարդ են:

«Հայաստանում հումանիզմը չկա, մարդուն իբրև մարդ հարգել չկա: Մենք իրական հավասարության մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ կանայք իրենց սեփական կամքով կգնան բանակ, ոստիկանությունում, Պաշտպանության նախարարությունում լուրջ պաշտոններ կզբաղեցնեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Խոսելով կանանց իրավունքների խախտումների մասին՝ Անուշ Սեդրակյանը ցավով նշեց՝ ընտանեկան բռնությանը Հայաստանում դեռ վերջ չի տրվել:

«Ընտանեկան բռնությունը Հայաստանում դեռ ոչ ոք չի վերացրել: Հատկապես գյուղերում և այն վայրերում, որտեղ դեռ չի հասել պրոգրեսիվ ալիքը, ականատես ենք լինում կանանց սպանությունների, ծեծ ու ջարդի, այդ մասին ոստիկանությանը չհայտնելուն: Այն հասարակությունում, որտեղ կա ընտանեկան բռնություն, չի կարելի խոսել կանանց իրավունքների իրացման մասին»,- ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Անուշ Սեդրակյանը նկատում է՝ կանանց իրավունքները խախտողները հաճախ նաև կանայք են լինում, ապա նոր՝ նրանց կողմից դաստիարակված տղաները:

«Օրինակ՝ մի տեսանյութում կին է խոսում, մյուսում՝ տղամարդ: Վերջինի ասելիքի հետ կապված եթե գրում են՝ «ինչ ապուշություններ ես դուրս տալիս», ապա կնոջ դեպքում կարծիք են հայտնում՝ մարմնական դետալները հաշվի առնելով. մազերի գույնը, նիհարությունը կամ գիրությունը, ատամների փայլը: Ընդ որում՝ սրան ակտիվորեն հենց կանայք են մասնակցում»,- նշեց Անուշ Սեդրակյանը:

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ նկատեց՝ տղամարդկանց մեջ պակասել է ջենթլմենությունը, ինչ վերաբերում է իրավունքների ոտնահարմանը՝ աշխատանքային ոլորտում, ապա, նրա կարծիքով՝ այստեղ ոտնահարվում են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց իրավունքները:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս