«Երբ ուզում ենք ոգեկոչել կանանց իրավունքը, այն մնում է օծանելիքի տուփի տակ»
«Մարտի 8-ը համարվում է կանանց իրավունքների պաշտպանության օր: Ես համամիտ չեմ, չեմ ուզում, որ մեկ օր լինի դա: Մենք՝ կանայքս, ամեն օր պայքարում ենք մեր իրավունքների համար: Ինձ համար ամեն օր տոն է այդ առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանն էլ ցավով նշեց.
«Ապրիլի 7-ը չարմատավորվեց մեզ մոտ, քանի որ Հայաստանը շատ ամուր, ինձ թվում է՝ նաև հավերժորեն մտավ ռուսական ալիքի տակ, և Մարտի 8-ը դարձավ Ռուսաստանին նմանակելու գործոններից մեկը: Ինչ վերաբերում է տոնին, ապա այլ երկրներում խոսում են մարդիկ, ովքեր ինչ-որ բան են արել կանանց համար: Այսինքն, բոլորը նշում են գործողություններով, անդրադառնում են կանանց թրաֆիկինգին, ակտիվիստների կատարած քայլերին, փրկված երեխաներին, իսկ մեզ մոտ՝ ինչ-որ ծաղիկ-օծանելիք-նվեր մակարդակի վրա է: Եվ երբ ուզում ենք ոգեկոչել կանանց իրավունքը, այն մնում է օծանելիքի տուփի տակ»:
ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանի կարծիքով էլ՝ անկախ նրանից, թե տոնի արմատները դեպի ուր են գնում, կարևոր է, որ շատ բարձրաձայնեն կանանց իրավունքները:
«Գարնան գալուստն ինձ համար նշանավորվում է Մարտի 8-ով»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:
«Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ որքան էլ ուժեղ լինեն կանայք, կարողանան պաշտպանել իրենց իրավունքները, այնուամենայնիվ, նրանք փխրուն են, ունեն ուշադրության կարիք:
«Ես կուզեի, որ հասնեինք կանանց և տղամարդկանց հավասարությանն ու ներդաշնակությանը՝ իրավունքների ասպարեզում, որպեսզի կանայք տարվա ընթացքում անհամբերությամբ չսպասեին մեկ կամ երկու տոնի, որպեսզի գտնվեին ուշադրության կենտրոնում»,- հավելեց Լուսինե Բադալյանը՝ հորդորելով, որ, եթե սա համարում են կանանց մեծարման տոն և ոչ իրավունքների պաշտպանության օր, ապա իգական սեռի ներկայացուցիչները ձևական չպետք է շնորհավորեն միմյանց, պետք է թույլ տան, որ տղամարդիկ օրը տոն դարձնեն:
«Կանանց կյանքում այնքան քիչ տոն կա, այնքան չարքաշ կյանքով են ապրում, որ համաձայնել են ունենալ տարվա մեջ մեկ կամ երկու օր, ստանալ սիրո, հարգանքի, ուշադրության դրսևորումներ: Իսկ իրականում այդ ուշադրությունն ու սերն ամբողջ տարի պետք է լինի»,- ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը:
Ինչ վերաբերում է կանանց ակտիվությանը՝ հատկապես քաղաքականության բնագավառում, բանախոսները նշեցին, որ դրական տեղաշարժ կա:
«Գործող խորհրդարանում կանայք 24 տոկոս են կազմում՝ նախկին 16-18 տոկոսի փոխարեն: Սա, իհարկե, բավարար ցուցանիշ չէ, բայց հույս ունեմ, որ առաջիկայում ավելի կշատանան»,- նկատեց Իվետա Տոնոյանը:
Լուսինե Բադալյանն էլ շարունակելով նրա խոսքը՝ ընդգծեց, որ նոր խորհրդարանում կանայք շատ ակտիվ են օրինագծերի ներկայացման, քննարկման առումով, քան տղամարդիկ:
Անի Կարապետյան