ՀԱԱ կենտրոնի տնօրենը քաղցկեղը կանխարգելելու համար կոչ է անում քաղաքացիներին հաճախակի հետազոտվել, նույնիսկ գանգատ չունենալու դեպքում
Հայաստանում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղը, սակայն վերջին շրջանում ակտիվացել և երիտասարդացել է վահանաձև գեղձի քաղցկեղը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Ներկայումս այս երկու հիվանդություններից հետ չի մնում և շատ ակտիվացել ու երիտասարդացել է նաև վահանաձև գեղձի քաղցկեղը, իսկ վահանաձև գեղձը ներզատական համակարգի բաղկացուցիչ մասն է: Ներզատական համակարգը մեր ամբողջ օրգանիզմն է ղեկավարում և դրա համար ցանկալի է, որ մարդիկ ուշադրություն դարձնեն նաև այս օրգանի աշխատանքին և անպայման անցնեն վահանաձև գեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրենը կոչ է անում մարդկանց անպայման ուշադիր լինել այս օրգանի հանդեպ:
«Քաղցկեղի բուժմանն ուղղված ամենակարևոր քայլը դա կանխարգելումն է, այդ իսկ պատճառով քաղաքացիներին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանց գանգատի և առանց խնդրի պետք է դիմեն բժշկի քաղցկեղը կանխարգելելու համար: Այդ ժամանակ մենք կարողանում ենք հիվանդությունը հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում, այսինքն` հետազոտելով օրգանը, մենք գտնում ենք քաղցկեղը, երբ դեռ այն չի ձևավորվել և ոչ մի վտանգ չի սպառնում մարդուն: Մարդիկ չեն կարող զգալ, որ իրենց մոտ հասունանում է այդ չարիքը: Այս եղանակով մենք 9500 մարդու կյանք են կարողացել փրկել: Եթե մեր քաղաքացիները ավելի աչալուրջ լինեն, ուշադիր և իրենց առողջության նկատմամբ ավելի հետաքրքրված, մենք կկարողանանք ավելի շուտ այդ հիվանդությունները հայտնաբերել նախաքաղցկեղային փուլում»,- ընդգծեց Հակոբյանը: