Բաժիններ՝

Գերմանացի գործարարները պատրաստ են ակտիվորեն մասնակցել ՀՀ տնտեսության արդիականացմանը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 6-ին ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի-Քաջայայի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերներից է, և մեծ նշանակություն է տրվում տարբեր ձևաչափերով երկրի հետ փոխգործակցության խորացմանը: Նա հավելել է, որ կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերը կարևոր ազդակ են դարձել երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարներ ստեղծել:

Փոխվարչապետի համոզմամբ՝ ներկայիս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հատկապես առևտրատնտեսական և ներդրումների ոլորտին վերաբերող հարցեր: Այս առումով նա կարևորել է երկու օր առաջ Երևանում 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, որում ընդգրկված է նաև գերմանական «Սիմենս» ընկերությունը: Փոխվարչապետը հյուրերին է ներկայացրել նաև կառավարության տնտեսական քաղաքականության գերակայությունները և զարգացման տեսլականը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ուտե Կոխլովսկի-Քաջայան ասել է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների այցելություններն իրենց համար խթան են դարձել՝ Հայաստան գալու և տեղում նոր գործնական կապեր հաստատելու, ինչպես նաև հները ամրապնդելու համար: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում սա Հայաստան այցելող ամենամեծ գերմանական գործարար պատվիրակությունն է, և հավելել, որ պատրաստ են ակտիվորեն մասնակցել երկրի տնտեսության արդիականացման գործընթացներին:

Այնուհետև գործարար պատվիրակության անդամները, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ու խորհրդատվական, ավիացիոն, էներգետիկայի, լոգիստիկայի, մետաղաշինական, թվային առողջապահության, դուալ կրթության, գյուղատնտեսության ոլորտների գերմանական ընկերություններ, պատմել են իրենց ծավալած գործունեության մասին, որին հաջորդել է հարցուպատասխանը փոխվարչապետի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս