Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծն ընդգրկվել է գործադիրի նիստի օրակարգում. 17-ի փոխարեն կլինի 12 նախարարություն

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումների մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդգրկվել է կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախատեսվում է կառավարության հետևյալ կազմը և կառուցվածքը՝

  1. Կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
  2. Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.

1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) Էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը»:

Ակնկալվում է, որ կառավարությունը ֆունկցիոնալ իմաստով կունենա առավել արդյունավետ կառուցվածք:

Կկրճատվի առաջին փոխվարչապետի հաստիքը, որի արդյունքում 3 փոխվարչապետների փոխարեն կլինի 2 փոխվարչապետ:

17 նախարարության փոխարեն կսահմանվի 12 նախարարություն:

Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրանսպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները: Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն:

Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության:

Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Միևնույն ժամանակ վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը:

Նախագծի ընդունման պարագայում՝ կընդգծվի այն հանգամանքը, որ վարչապետի թույլտվությամբ կառավարության նիստն ամբողջությամբ կարող է ընթանալ դռնբաց, իսկ կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավազորությամբ կօժտվի վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ինչն իր հերթին էապես կբարելավի կառավարության և վարչապետի որոշումների ընդունմանը հաջորդող գործընթացների հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպումը:

Տեսանյութեր

Լրահոս