Նիդերլանդների փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում թափանցիկ ընտրությունների միջոցով կառավարության ձևավորման գործընթացը

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը  մարտի 6-ին հանդիպել է Նիդերլանդների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Կայսա Օլոնգրենի (Kajsa Ollongren) հետ:

Ողջունելով Հայաստանի դեսպանին՝ նախարար Օլոնգրենը նշել է, որ ծանոթ է Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին և ազատ ու թափանցիկ ընտրությունների միջոցով նոր կառավարության ձևավորման գործընթացին, ինչը բարձր գնահատականի է արժանի։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեպան Բալայանը նախարար Օլոնգրենին ներկայացրել է թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումները և կառավարության գործունեության օրակարգը։ Տիգրան Բալայանը տեղեկացրել է, որ 2019թ. տեղի են ունեցել բարձրաստիճան հանդիպումների երկու երկրների վարչապետերի և արտգործնախարարների միջև, ինչը պարարտ հող է ստեղծել տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու համար։

Կայսա Օլոնգրենը ողջունել է հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ նախաձեռնությունները՝ վստահեցնելով, որ իր ղեկավարած գերատեսչությունը և իր քաղաքական կուսակցությունը՝ D66-ը, պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակներում աջակցել դրանց։

Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել տարածքային կառավարման, հանրային ծառայության բարեփոխումների, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում հոլանդական փորձը Հայաստանում ներդրման հնարավորությունների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս