Կառավարությունն առաջարկում է պատժել քրեական միջավայր ստեղծելու ու դրան հարելու համար
ՀՀ արդարադատության նախարարությունը առաջարկում է քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար նախատեսել ու սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր: ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է նաև տալ «քրեական միջավայր», «քրեական ենթամշակույթ», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» և «քրեական ենթամշակույթին հարել ու այն տարածել» հասկացությունների բացատրությունը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության շրջանում քրեական միջավայրի և քրեական ենթամշակույթի հաղթահարմամբ, այդ ենթամշակույթը կրող և տարածող անձանց հայտնաբերմամբ, քրեական աստիճանակարգության կանխարգելման նպատակով նոր հանցատեսակի սահմանմամբ:
«Այս համատեքստում նշենք, որ այս արատավոր երևույթի տարածման և կանխման մեխանիզմներն ուսումնասիրվել են հետխորհրդային երկրների փորձի լույսի ներքո: Մասնավորապես՝ ներկայումս համանման նախագծեր են մշակվել նաև Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում, իսկ, օրինակ, Վրաստանի քրեական օրենսգիրքը 2006 թվականից պատասխանատվություն է նախատեսում գողերի ընկերակցությանն անդամակցելու, ինչպես նաև «օրենքով գողի» կարգավիճակում լինելու համար: «Օրենքով գողի» կարգավիճակում լինելը համապատասխանում է նախագծում օգտագործվող «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությանը: Հարկ է նշել, որ «Ռուսաստանի Դաշնության քրեական և քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծում ևս նախատեսվում է պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի համար:
Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության շրջանում քրեական միջավայրի և քրեական ենթամշակույթի հաղթահարմամբ, այդ ենթամշակույթը կրող և տարածող անձանց հայտնաբերմամբ, քրեական աստիճանակարգության կանխարգելման նպատակով նոր հանցատեսակի սահմանմամբ»,- նշված է նախագծում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ քրեական ենթամշակույթը լուրջ մարտահրավեր է հասարակության համար, քանի որ սպառնում է խաթարել կամ աղավաղել հասարակության մեջ ձևավորված արժեքներն ու պատկերացումները:
«Այդ իսկ պատճառով քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի յուրաքանչյուր պետության քրեական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը:
Ընդ որում, քրեական ենթամշակույթի, դրա տարածման և ազդեցության դեմ պետք է դրսևորել համակողմանի մոտեցում, այսինքն՝ պետք է քայլեր ձեռնարկել ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական մակարդակներում: Այս մոտեցման կարևորագույն մասերից է կազմում գործող օրենսդրական կարգավորումների և նախատեսվող փոփոխությունների պայմաններում գործնական սկզբունքների այնպիսի համակարգի ապահովումը, որն ուղղված է քրեական ենթամշակույթի լայն տարածում ունեցող ազդեցության նվազեցմանը՝ ընդհուպ մինչև դրա լիովին բացառմանը, քանզի ի վերջո դրանց լուծման ուղիների որոնումը հասարակության հետագա առողջ զարգացման գրավականն է:
Հարկ է նկատել, որ, օրինակ, հանցագործներին բնորոշ ժարգոնային խոսքը ներթափանցել է հասարակական գրեթե բոլոր ոլորտներ և իր բացասական ազդեցությունն է թողնում հասարակության վրա` ձևափոխելով նրանց պատկերացումները մարդկային հարաբերությունների և մշակութային արժեքների վերաբերյալ:
Ներկայումս ՀՀ քրեական օրենսգրքով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կամ քրեական միջավայրում ներգրավվելը, կամ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը որպես հանցակազմ պարունակող արարքներ նախատեսված չեն, որի հետևանքով հնարավոր չի լինում լիարժեքորեն ու վճռականորեն պայքարել և կանխել այդ արատավոր երևույթները, այսինքն՝քրեական ենթամշակույթի չեզոքացման և հետագա հաղթահարման ռազմավարությունը մեր հանրապետությունում դեռևս մշակված չէ: Այս առումով օրենսդրորեն այն ամրագրելու անհրաժեշտությունը պայմանավորված է հասարակության լայն շերտերի շրջանում այն կանխելու միտումով, քանզի պետք է գիտակցել, որ դրա դեմ պայքարը նպաստելու է միջանձնային հարաբերությունների, մարդկանց արժեհամակարգի բարելավմանը, ինչպես նաև վարքագծի կանոնների փոփոխմանը»,- նշված է նախագծում:
Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ և հնարավորինս կանխել հասարակության լայն շերտերի շրջանում հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: