Ընդդիմությունը բոյկոտում է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին եւ ի նշան բողոքի լքել է նիստերի դահլիճը: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել է, որ մտադիր չէ լսել պետության այն ղեկավարի ճառը, որը, նրա խոսքով, կեղծարարության խորհրդանիշ է դարձել, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: «2018 թվականի նախագահական ընտրությունները խարխլեցին վրացական ժողովրդավարության հեղինակությունը միջազգային ասպարեզում:
Սալոմե Զուրաբիշվիլին այդպես ստացավ երկրի նախագահի պաշտոնը: Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն խախտումների համար, որոնք կատարվեցին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում»,-ասել է Բոկերիան եւ լքել է նիստերի դահլիճը: Ի նշան բողոքի նույնիսկ խորհրդարան չեն եկել ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները: Նախագահի ելույթը բոյկոտելու մտադրության մասին նրանք հայտարարել էին դեռ նախօրյակին:
«Ազգային շարժումում» հայտարարել են, որ Զուրաբիշվիլիին չեն ճանաչում որպես պետության ղեկավար, ուստի մտադիր չեն լսել նրան: Օրենսդիր մարմնի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր պատգամավորների պահվածքն անարգանք է համարել նախագահության ինստիտուտի նկատմամբ: Սալոմե Զուրաբիշվիլին պետության ղեկավարի կարգավիճակում առաջին անգամ է հաշվետվությամբ հանդես եկել խորհրդարանի առջեւ: Նոր կանոնակարգի համաձայն, նախագահի ելույթից հետո բանավեճեր չեն կայանա: