«Սրտացավություն չկա, կորցնում ենք, հետո՝ ափսոսում». Հաղթանակ Շահումյանը՝ Խորենացի 13 շենքի մասին
Հայաստանի վաստակավոր նկարիչ, Երևանի նախկին գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Խորենացի 13 հասցեում գտնվող նախկին Լուսավորության նախարարության շենքի ճակատային հատվածի քանդման աշխատանքներին՝ նշեց, որ Հայաստանում օրենքները կիրառվում են ընտրովի։
«Ցավալիորեն սրտացավություն չկա, մենք միշտ կորցնում ենք, հետո՝ ափսոսում։ Նախաքրիստոնեական մեր ճարտարապետության նկատմամբ ցուցաբերել ենք նույնպիսի վերաբերմունք, մենք հազարամյակներ ունեցել ենք մշակույթ, ըստ երևույթին, այդ վերաբերմունքի պատճառով է, որ այսօր չունենք այդ պատմությունը։ Օրեցօր քաղաքի պատմություն է կերտվում, եթե անփույթ լինենք՝ Երևանը կդառնա անդեմ մի բան՝ տարբեր ժամանակներում, տարբեր թելադրանքով»,- նշեց Հաղթանակ Շահումյանը։
Նրա խոսքով՝ եղածի վրա պետք է կառուցվի, քարը քարի վրա դնելով է տուն կառուցվում, և սա վերաբերում է բոլոր ոլորտներին։
«Սխալներ եղել են բոլոր ժամանակներում, այսօր նախկինում արված սխալները տեսնում ենք, մի բան էլ՝ դրան մասնակից դառնում։ Ինչո՞ւ է լռում Հանրային խորհուրդը, որը պետք է հանրության կարծիքը պարտադրող լինի, նա լռում է, ավագանին լռում է։ Այդ քանդվող հուշարձանը հանել են հուշարձանների ցանկից, բայց դրա իրավունքը որևէ մեկը չուներ։ Հնարավոր չէ այն նորից վերականգնել»,- շեշտեց Հ. Շահումյանը։
Զվարթ Խաչատրյան