«Հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:
Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումներին՝ Ն. Փաշինյանը նշել է, որ այս տարի դրանք մի քանի անգամ կլինեն, իսկ ղեկավարների գրասենյակները քննարկում են այդ հանդիպումների ժամանակացույցի հարցերը:
«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք: Օրինակ` ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա: Մենք այժմ կոնկրետ ժամկետներ ենք քննարկում: Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և բոլոր երկրների վարչապետերը, այդ թվում նաև Դմիտրի Անատոլևիչը, կժամանեն Երևան»,- նշել է վարչապետը: