«Առաջարկը, որ հնչեց Թեհրանում, շատ հետաքրքիր և կարևոր առաջարկ էր». Սերգեյ Բագրատյան

«Առաջարկը, որ հնչեց Թեհրանում, շատ հետաքրքիր և կարևոր առաջարկ էր: Եթե մենք դա դիտարկում ենք զուտ միայն տնտեսական պատժամիջոցների իմաստով, Երևանը պատուհան է, որտեղ պետք է դիտարկվեն նաև մեծ երկրների հետաքրքրություններն այն պարզ իմաստով, որ ՀՀ-ի սահմանները, փակ լինելով երկու կողմից, դատապարտված է նաև պահանջելու, որպեսզի հնարավորություն ստեղծվի կենսագործունեության և տնտեսության զարգացման, իսկ այդ ճանապարհները Վրաստանն ու Իրանն են: Այս իմաստով պետք է հատուկ կարգավիճակ տալ Հայաստանին այս իրավիճակում, և մենք կարողանանք այդ ծրագրերն իրացնել, որովհետև մենք այլընտրանք չունենք»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էներգետիկ բնագավառում գործակցության կարևորության մասին, այդ թվում՝ իրանական գազը Եվրոպա տարանցելու առումով:

Ըստ նրա՝ Եվրոպան էներգետիկ ոլորտում միշտ էլ պահանջարկ ունեցել է, հատկապես՝ գազի, և այստեղ կարող են դիվերսիֆիկացիայի խնդիրներ առաջանալ, այսինքն՝ պարզ հաշվարկի դեպքում և՛ իրանական գազը կարող է եվրոպական շուկայում տեղ ունենալ, և՛ ռուսական գազը.

«Այդ շուկան 450 մլն-անոց գնողունակ հզոր տնտեսություն է, որն անընդհատ նոր էներգետիկ ռեսուրսների կարիք է զգում: Այսինքն՝ եթե մենք կարողանանք ճիշտ տեղաբաշխել և էներգետիկ ոլորտը, և գազի ոլորտը, Իրան, Ռուսաստան դիվերսիֆիկացիան ապահովենք, Ռուսաստանից կարող է Եվրոպա մտնել ոչ թե ռուսական գազը, այլ իրանական գազը, և այդտեղ շահեն մասնակից բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, նաև մեր սպառողները, եթե գինը մրցունակ լինի: Պետք է մրցունակ գին լինի, որպեսզի իմաստ ունենա այս ծրագիրն իրականացնել»:

Ս.Բագրատյանի կարծիքով՝ Իրանի հանդեպ միջազգային սանկցիաները չեն խանգարի նման նախագծին, որովհետև պատժամիջոցներն ուղղված են զենքի դեմ, միջուկային զենքի ստեղծման դեմ:

Դիտարկմանը, որ որոշ վերլուծաբանների կարծիքով՝ հենց Ռուսաստանն է հիմնական խոչընդոտը, որ իրանական գազը տարանցվի Եվրոպա, Ս.Բագրատյանը պատասխանեց.

«Ռուսաստանը բազմաշերտ է, հնարավոր է՝ որոշ ազդեցիկ ուժերի դա ձեռնտու չլինի, և որոշների ձեռնտու լինի: Պետք է այստեղ աշխատել այնպես, որպեսզի կառավարության հետագա աշխատանքը դառնա ավելի հասկանալի, որովհետև, ի վերջո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և պետք է հանձնառու լինի, որ նման խնդիրներ չառաջանան: Պատերազմից հետո մենք գտնվել ենք շրջափակման մեջ, և նաև ՌԴ շահերից է բխում, որ իր դաշնակիցը կարողանա իսկապես գոյատևել և նաև իր պաշտպանությամբ զբաղվել: Եթե տնտեսություն չունենք, պաշտպանությամբ զբաղվել հնարավոր չէ»:

Տեսանյութեր

Լրահոս