«Մենք ակնկալում ենք տեսնել Ձեր վճռականությունը ներքին բարեփոխումներ իրականացնելու համար»

Հայաստանի իշխանություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում եվրոպական արժեքները, և Եվրամիությունը դա բարձր է գնահատում: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նշել է, որ հիանում է Նիկոլ Փաշինյանի՝ երկրին  ժողովրդավարություն և տնտեսական զարգացում բերելու վճռականությամբ, որից բոլորը կշահեն: «Վստահ եմ, որ դուք քայլեր եք անելու ժողովրդավարությունն ամրապնդելու, իսկ մենք Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում մտադիր ենք աջակցել Ձեզ և օգնել Հայաստանի ժողովրդին»,-հայտարարել է Տուսկը:

Նրա խոսքով՝  համաձայնագիրն արդեն իսկ նախնական կարգով ուժի մեջ է մտել: «Մենք ակնկալում ենք տեսնել Ձեր վճռականությունը ներքին բարեփոխումներ իրականացնելու համար և մենք պատրաստ ենք տեխնիկական և ֆինանսական աջակցություն տրամադրել»,-ասել է Եվրոպական խորհրդի նախագահը՝ ողջունելով Հայաստանի վարչապետի  վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև օրենքի գերիշխանություն սահմանելու հարցում:

Եվրամիության անդամ 28 երկրից Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Միացյալ Թագավորությունը, Ռումինիան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը։ Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին:

Տեսանյութեր

Լրահոս