Պետական ակադեմիայի շրջանավարտներն աշխատանքի կանցնեն արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 4-ին տեղի է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 17 շրջանավարտի ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները շնորհել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Շրջանավարտները մասնագիտացել են քաղաքացիական ու բնակչության պաշտպանության բնագավառներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը շրջանավարտներին մաղթեցին մասնագիտական նորանոր ձեռքբերումներ, կանաչ ճանապարհ՝ նշելով, որ ձեռք բերված մասնագիտությունը կյանքում հետագա քայլերն անելու կարևոր երաշխիքներից է:
«Ուզում եմ շնորհավորել մեր շրջանավարտներին, ցանկանալ հաջողություն: Փրկարարի մասնագիտությունը, որ ձեռք են բերել մեր շրջանավարտները, բարի մասնագիտություն է: Փրկարարը, վտանգելով իր կյանքը, փրկում է մեկ այլ մարդու կյանք: Մաղթում եմ հաջողություններ կյանքում և բարեխղճություն», – շնորհավորական խոսքում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Ստանալով ճգնաժամային կառավարման մասնագետի բարձր կոչումը՝ շրջանավարտները երդվեցին բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել մասնագիտական պարտականությունները, պահպանել փրկարարի մասնագիտական, բարոյական նկարագիրը և բարձր պատիվը, անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները` անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից ու կրոնական դավանանքից, հնարավոր ամեն ինչ անել աղետների կանխման ու հետևանքների վերացման համար:
Շրջանավարտներից 11-ն արդեն իսկ աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում, 2-ը՝ այլ պետական և մասնավոր հատվածում: Շրջանավարտների երդման արարողությունից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանմանը կազմակերպել մյուս 4 շրջանավարտների՝ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի ընդունման գործընթացը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգը պրոֆեսիոնալ կադրերի կարիք ունի. մեզ պետք են մարդիկ, ովքեր կարողանում են դժվար պահերին արագ կողմնորոշվել և իրավիճակ կառավարել, և այս առումով վստահ եմ, որ դուք Ակադեմիայի շնորհիվ արդեն պատրաստ եք դրան»,- իր խոսքում նշեց Ֆելիքս Ցոլակյանը:
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեության հիմնական ուղղություններն են՝
• բարձրագույն (մագիստրոսի, բակալավրի) և միջինմասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում,
• ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում,
• հրշեջ-փրկարարների վերապատրաստում և որակավորման բարձրացում.
• արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով բնակչության ուսուցում,
• գիտամեթոդական աշխատանքների կատարում»,- նշված է հաղորդագրության մեջ: