«Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից է». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի վրա հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից մեկն է, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝վարչապետի գլխավորությամբ։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գիշերը գրել էր, որ «Ռեստարտ» խմբի մի քանի անդամների կողմից իր տան մոտ հարձակման է ենթարկվել։

«Անպատասխանատվության և անպատժելիության մթնոլորտը, որը ստեղծվել է մեր երկրում, երկար ամիսների պատմություն ունի՝ գործող իշխանությունների պատասխանատվության ներքո։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե ժամանակին երկրում իրոք ստեղծվեր հանդուրժողականության կամ, ինչպես իրենք են սիրում ասել՝ սիրո և հանդուրժողականության մթնոլորտ։ Այս ամենը տեղի չէր ունենա, եթե Մարալիկի հայտնի դեպքերից հետո իրավապահ մարմինները չկոծկեին այդ գործը, եթե ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակ ներխուժելու փաստը նույնպես դառնար իրավապահ մարմինների ուշադրության առարկա, ավելին՝ եթե ԵՊՀ-ի շուրջ գործող կառավարությունը չհրահրեր այն զարհուրելի գործընթացը, որի ականատեսը պարբերաբար լինում ենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահը։

Նրա բնորոշմամբ՝ այս ամենը հետևանք է քրոնիկ անպատժելիության, հասարակությանը յուրայիների և քննադատների բաժանելու և ըստ այդ բաժանման վերաբերվելու հանգամանքի։

«Հորդորում եմ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց, մեղավորները հայտնի են, և կանխելու Հայաստանում նման փողոցային ժողովրդավարության կամ անհանդուրժողականության հետևողական դրսևորումները նաև ապագայում»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս