«Մանչեսթեր Յունայթեդի» 10 ֆուտբոլիստ վնասվածք ունի առաջիկա խաղից առաջ
«Մանչեսթեր Յունայթեդը» կազմի հետ մեծ խնդիրներ ունի Անգլիայի առաջնության՝ «Քրիթալ Փելասի» հետ խաղից առաջ:
Թիմում կա 10 ֆուտբոլիստ, որ վնասվածք ունի և, հավանական է, որ չմասնակցի առաջիկա խաղին: Պաշտպաններ Ֆիլ Ջոնսը, Մատեու Դարմիանը և Անտոնիո Վալենսիան արդեն վաղուց ունեն վնասվածքներ:
Կիսապաշտպան Նեմանյա Մատիչը և վինգեր Անտոնի Մարսիալը վերջերս են վնասվածքներ ստացել. Մատիչը՝ ՊՍԺ-ի հետ խաղում, իսկ Մարսիալը՝ «Լիվերպուլի»:
«Լիվերպուլի» հետ խաղի առաջին խաղակեսը սարսափի ժանրից էր մանչեսթերցիների մարզիչ Սուլշերի համար: Առաջին 40 րոպեների ընթացքում վնասվածքներ ստացան 4 ֆուտբոլիստներ՝ Խուան Մատան, Անդեր Էրերան, Ջեսի Լինգարդը (ով ինքն էր դուրս եկել փոխարինման) և Մարկուս Ռեշֆորդը: Վերջինս, ի տարբերություն իր խաղընկերների, դաշտում մնաց մինչև վերջ, սակայն խաղում էր վնասվածքով:
Վնասվածք է ստացել նաև երիտասարդ ֆուտբոլիստ Մեյսոն Գրինվուդը, ում Սուլշերը ցանկանում էր միացնել հիմնական թիմին:
Մարսիալը, Մատիչը, Ջոնսը, Վալենսիան և Լինգարդը, մեծ է հավանականությունը, որ չեն մասնակցի խաղին, իսկ մյուսները, հնարավոր է, լինեն անգամ հիմնական կազմում:
Սիրարփի Աղաբաբյան