Բաժիններ՝

«Լրատվամիջոցների հետ վերջնագրով խոսելու ոճը լավ բանի չի հանգեցնի».  Ժուռնալիստների միության նախագահը՝ քաղաքապետի որոշման մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից օրերս ծանուցումներ են ստացել Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականների ղեկավարներ, ըստ ծանուցման՝ բոլոր լրատվականները պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։

Այս հանգամանքն առաջացրել է լրատվականների խմբագիրների զայրույթը, որոնք պատրաստվում են քաղաքապետի այս որոշումը վիճարկել դատարանում։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը՝ նշեց, որ հանդիպումից մեկ օր առաջ, որպես Ժուռնալիստների միության նախագահ՝ զանգահարել է քաղաքապետի ընդունարան, որպեսզի խոսի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ և  հանդիպում կազմակերպի նրա և խմբագիրների միջև՝ հարցը քննարկելու համար, սակայն ընդունարանից նշել են, որ քաղաքապետը զբաղված է։

Նրա խոսքով՝  ինչպես հայտարարել է «Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, այս ծանուցմամբ ոտնահարվել է նաև ավագանու որոշումը:

«Այսինքն՝ այս որոշումն ապօրինի է, քանի որ կա ավագանու որոշում, և քաղաքապետը չէր կարող հենց անպես նման թղթեր ուղարկել: Մինչ այդ, գուցե ծանոթանային խնդրին, խոսեին խմբագիրների հետ։ Ցավոք, տեսնում եմ, որ մեր գործընկերներից էլ են հարվածներ հասցնում մեդիաներին՝ չփորձելով հասկանալ, թե ինչումն է խնդիրը։ Աշխարհում չկա որևէ մեդիա, որն ինքնածախսածածկ է։ Ճիշտ կլիներ՝ քաղաքապետարանը խնդիրները քննարկեր, և հասկանային, թե ինչ է տեղի ունեցել: …Լրագրողներն իրենց խոսքի ազատությունը նվաճել են ամենօրյա աշխատանքի միջոցով, և իշխանություններից հարգանք ենք պահանջում: Այդ վերջնագրերով խոսելու ոճը լավ բանի չի հանգեցնի»,- շեշտեց Սաթիկ Սեյրանյանը։

Նրա դիտարկմամբ՝ քաղաքապետարանի այս վերջնագիրն այն վերջնագիրն է, որն ընդունել է նոր իշխանությունը քննադատական խոսքի նկատմամբ, և այն լրատվամիջոցները, որոնք այսօր կանգնած են զբաղեցրած տարածքներն ազատելու փաստի առջև՝ իշխանություններին քննադատող լրատվականներից են:

«Ես սա դիտարկում եմ մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպած քայլերից մեկը՝ կա′մ եկեք իշխանական դաշտ, կա′մ դուրս եկեք՝ վերջնագրով։ Ընդ որում, սա ոչ թե Հայկ Մարության անձի որոշումն է, այլ կարծում եմ՝  ՀՀ վարչապետի կողմից իջեցված հրահանգ է»,- հավելեց Ժուռալիստների միության նախագահը։

Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ ՀՀ վարչապետի ընտանիքի անդամներից մեկը երեկ ևս փորձել է մամուլին «դասեր» տալ և դեղին ու այլ մամուլ անվանել այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին:

«Շատ զավեշտալի էր կարդալ, իմ գործընկերները հիշեցին նրանց ընտանիքին պատկանող լրատվամիջոցից բազմաթիվ դրվագներ, որոնց մասին դեռևս շատ-շատերը լռում են։ Այս ամենը ևս նույն տրամաբանության մեջ եմ դիտարկում»,- ասաց Ս. Սեյրանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը գրառում էր կատարել մամուլի մասին, որում ասվում էր.

«Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամների մասին, բացարձակ չեմ սրտնեղում, թե ինչ լույսի տակ են ուզում ինձ (մեզ) ներկայացնել, այլ սրտնեղում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ, այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասին: Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը, որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս: Հույս ունեմ, որ մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում: Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»:

Սաթիկ Սեյրանյանը հրավիրված ասուլիսում  նաև նկատեց, որ նման վերաբերմունքը ոչ միայն Բյուզանդի 1/3 շենքում տեղակայված լրատվականների նկատմամբ է, այլև՝ Իսահակյան 28-ում և Արշակունյաց փողոցում գտնվող Մամուլի շենքում տեղակայված լրատվականների։ Ուստի նա խնդրի լուծման իր տարբերակն առաջարկեց, որի մասին խոսել է խմբագիրներից մեկը՝ նշելով, որ, եթե քաղաքապետարանը կամ առհասարակ իշխանությունները  ցանկանում են լրատվամիջոցների համար խնդիրներ չստեղծել կամ լուծում տալ խնդրին, ապա  Արշակունյաց փողոցում գտնվող մամուլի շենքում կարող են տեղակայել բոլոր մեդիաներին՝ տարածքից դուրս բերելով կոմերցիոն այլ գրասենյակները։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս