
Իրանի նախագահը պաշտոնապես մերժեց ԱԳ նախարարի հրաժարականի ընդունումը

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նամակ է ուղարկել երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որում հրաժարվել է ընդունել նրա հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:
Նամակի տեքստը հրապարակված է նախագահի կայքում: «Ես համաձայնություն չեմ տալիս Ձերդ գերազանցության պաշտոնաթողությանը եւ այն աննպատակահարմար եմ համարում երկրի շահերի համար»,- ասված է նամակում: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը լույս փետրվարի 26-ի գիշերը հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:
«Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել է Զարիֆն իր Instagram-ում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: