
Նիկոլ Փաշինյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ հանդիպմանը կարևորել է հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիին:
Վարչապետը կարևորել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունն ու տնտեսության ոլորտում բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարբեր ոլորտներում բարեփոխումները, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարում, հարկային, արդարադատության, պետական կառավարման համակարգերում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են հարկային քաղաքականության պարզեցմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների խթանմանը, դատական համակարգի անկախության բարձրացմանը: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տնտեսության ոլորտում կառուցվածքային փոփոխությունները:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքը կնպաստի Հայաստանում տնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Դրական գնահատելով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ Հոսեյն Սամիեին հավելել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումներն առաջ մղելու նպատակով և շահագրգռված է արդյունավետ ծրագրերի իրականացմամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ: