Բաժիններ՝

Բնական գազն ապրիլի 1-ից կիլոգրամով են վաճառելու

Բնական գազի համար կառավարությունը որոշել է նոր չափման միավոր սահմանել` խորանարդ մետրը փոխարինելով կիլոգրամներով։ Կառավարության համոզմամբ` այս փոփոխությունը թույլ կտա սպառողներին ազատվել վաճառողների խաբեությունից։

Առաջարկվող փոփոխությամբ սեղմված բնական գազը Հայաստանում կվաճառվի 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։

Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2019 թվականի ապրիլի 1-ից:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրանը Քեյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշմամբ վարորդներին գրեթե չեն կարողանա խաբել:

«Ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում, քանի որ գործակիցների խաղ չեն կարողանա տալ, ոչ էլ քիչ գազ կվաճառեն վարորդներին: Կարելի է ասել՝ վարորդին խաբելը մինիմալի է հասցվում: Մարդն ամեն դեպքում պետք է վճարի այնքան, ինչքան գնում է: Սպառողը խաբված չպետք է լինի, թե չէ քիչ գազ էին  գնում ու շատ վճարում: Ինչ վերաբերում է գնի բարձրացմանը, եթե նախկինում շահույթ ստանում էին խաբելով, հիմա դա հնարավոր չի լինելու, և արդյունքում՝ գուցե գնի բարձրացում կամ փոփոխություն լինի, բայց գոնե վարորդը կիմանա, որ մեկ կիլոգրամի համար է վճարում, ոչ թե 1 կգ-ի անվան տակ ստացած 0.5 կիլոգրամի»,- նշեց Տիգրանը Քեյանը:

Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը նույնպես կարծում է, որ  սա ճիշտ որոշում է, քանի որ ֆիզիկայի օրենք է՝ երբ միանգամից գազը սեղմվում, տաքանում, ընդարձակվում է,  ճնշումն ավելի է մեծանում:

«Շատ են բողոքներ եղել վարորդների կողմից: Ասում են՝ գնում ենք գազալցակայան, գազը լցնում, 200 խորանարդ մետր է ցույց տալիս, բայց մի քանի մետր վարելուց հետո գազը դառնում է 180 կամ 150 խմ:  Պատճառն այն է, որ սառչելուց ճնշումը պակասում է, իսկ կիլոգրամի դեպքում նման խնդիր չի առաջանա: Քաշը մնալու է նույնը, չնայած վարորդները պետք է շարունակեն ուշադիր լինել, որ հիմա էլ կշռելիս չխաբեն»,- մանրամասնեց  Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս