Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնը կմեկնարկի «Վարագույրը բարձրանում է» կինոնկարի ցուցադրությամբ
Ճապոնական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Էջմիածնում, Գյումրիում, Վանաձորում և Ստեփանավանում: Փառատոնը կանցկացվի մարտի 1-ից 7-ը:
Այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին փառատոնի նախաձեռնողները:
«Նախորդ տարվա մայիսից եմ ստանձնել այս պաշտոնն ու առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին. մեծ սպասելիքներ ունեմ: Թատրոնի համեմատ կինոն արվեստի նոր տեսակ է, բայց այն նույնպես միմյանց ճանաչելու հնարավորություն է ընձեռում»,-նշեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:
Նրա խոսքով` ինքը տարբեր առիթներով եղել է վերոնշյալ քաղաքներում և հույս ունի, որ տեղի բնակիչները սիրով կդիտեն երիտասարդների առօրյան, մտածելակերպը, կյանքի վերաբերյալ մոտեցումները ներկայացնող ճապոնական ֆիլմերը:
Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանն ասաց, որ 13 կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է մոտ 60 տարբեր ժանրի ֆիլմ: «Այս անգամ ներկայացվելու է հինգ գեղարվեստական լիամետրաժ կինոնկար, և կինոփառատոնը բացվելու է «Վարագույրը բարձրանում է» ֆիլմով, որը երիտասարդ աղջիկների մասին է: Այն պատահաբար չենք ընտրել. Գարնանը` տարվա երրորդ ամսվա առաջին օրը, Ճապոնիայում նշվում է աղջիկների տոնը: Կինոնկարն այն մասին է, թե ինչպես են իրենց երազանքներին հավատարիմ աղջիկները հասնում հաջողությունների»,-նշեց նա:
«Մեզ հարազատ են 20-րդ դարի ճապոնական ֆիլմերը, հետաքրքիր են ժամանակակից կինոնկարները, որոնք անդրադառնում են երիտասարդներին: Դիտելով դրանք` կտեսնենք ճապոնական պոեզիան, գրականությունը, որոնք արտացոլվում են կինոնկարներում և հիշեցնում են ճապոնական բարի ավանդույթների մասին»,-ասաց կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը:
Մարտի 1-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Վարագույրը բարձրանում է» ֆիլմը, մարտի 2-ին` «Սետո Ուցումի» ժապավենը: Փետրվարի 2-ին Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի պալատում կներկայացվի «Thermae Romae» ֆիլմը, նույն օրը այդ ֆիլմը կցուցադրվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Փետրվարի 4-ին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում կներկայացվի «Հարյուրերորդ սերը քեզ հետ», «Իմ սիրո պատմությունը» ժապավենները, Էջմիածնի քաղաքապետարանի կինոսրահում փետրվարի 7-ին կցուցադրվի «Հարյուրերորդ սերը քեզ հետ» ֆիլմը: