«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը հատուկ քաղաքականություն պետք է վարի ՌԴ-ի հետ». վերլուծաբան
«ՀՀ արտաքին քաղաքականությունը հավասարակշռման կարիք ունի»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցերին Թեհրան և Բրյուսել:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի փետրվարի 27-ին, իսկ Բրյուսել` մարտի սկզբին: Իրան կատարելիք այցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է ԻԻՀ, իսկ Բրյուսել՝ թվով երկրորդը՝ իշխանությունը ստանձնելուց հետո: Սակայն որոշակի տեղեկությունների համաձայն, առաջիկա այցը շատ ավելի առարկայական ու գործնական է լինելու, քան նախորդը:
Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ ՀՀ իշխանությունները դեռևս գտնվում են իրենց արտաքին քաղաքականության վարման ամենասկզբնական փուլում, երբ շատ հարաբերություններ, հավակնություններ ու հանձնառություններ վերանայվում են, նոր առաջնահերթություններ են սահմանվում, որը վերաձևում է երկրի արտաքին քաղաքականությունն ու համագործակցությունները:
Վերլուծաբանը հիշեցրեց, որ ՀՀ իշխանությունները հայտարարել էին, որ արտաքին քաղաքական բեկումներ չեն լինելու, բայց դա, ըստ ամենայնի, այդքան միանշանակ քաղաքական ծրագիր չէ, քանի որ խնդիրներ, միևնույն ժամանակ, նոր ջանքեր են նկատվում Ռուսաստանի հետ հարաբերություններում, նոր հավակնություններ՝ Արևմուտքի հետ հարաբերություններում:
«Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը հատուկ քաղաքականություն պետք է վարի Ռուսաստանի հետ, վստահեցնի, որ շարունակում է մնալ ռուսական ուղեծրում, որի նպատակով համաձայնեց Սիրիայում հատուկ առաքելություն իրականացնել՝ իր այդ նվիրվածությունն ապացուցելու համար, ինչն ըստ էության երկակի մեկնաբանությունների առիթ է տալիս թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի կողմից:
Սրանում է քաղաքականության բարդությունը` ինչպես համադրել սեփական շահերը, առաջ մղել դրանք, և որպեսզի արտաքին հարաբերություններից մեկը մյուսի հաշվին տեղի չունենա: Կարծում եմ` այս ուղղությամբ դեռ անելիք ունեն, իրենց դիրքորոշումները և սահմանները գծելու կարիք ունեն, ինչը բնական և հասկանալի է:
Ինչ վերաբերում է այցերին Իրան և Բրյուսել, ապա գուցե պատահական չէ, որ այս այցերը հաջորդում են միմյանց, քանի որ արդեն ուրվագծվում է որոշակի համագործակցություն, որը կա տարածաշրջանում` Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ուղղությամբ, և այդ ուղղությամբ ԵՄ-ն կոնկրետ աշխատանքներ է իրականացնում, նպաստում անցակետերի արդիականացմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների զարգացմանն ու բարեկարգմանը: Սրանք ապագային նայող ծրագրեր են՝ հօգուտ մեր ողջ տարածաշրջանի:
Բայց այս հարցում պետք է ջանքեր ներդնեն նաև տարածաշրջանի երկրները՝ շահագրգռվածություն ցուցաբերելով տվյալ ծրագրերի իրագործման հարցում, այդ թվում՝ Հայաստանը, ում համար սա կարող է ուղղված լինել արտաքին քաղաքականության ոլորտում հավասարակշռությունը վերականգնելուն, քանի որ ներկայումս Հայաստանն էապես հենված է Ռուսաստանի վրա:
Բայց վերջին ժամանակահատվածը ցույց է տալիս, որ հայ հասարակության պահանջներն ու ձգտումներն ավելի մեծ են, և միակենտրոն արտաքին քաղաքականությունը չի գոհացնում հասարակության որոշ հատվածին: Բացի ներքին պահանջից, հաշվի առնելով տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից, որը թույլ չի տալիս լուծել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք հարցեր, անհրաժեշտ է թոթափել այդ կախվածությունը՝ ընդլայնելով համագործակցությունը Եվրոպական միության, Միացյալ Նահանգների և արևմտյան կառույցների հետ: Սա կառողջացնի նաև հայ-ռուսական հարաբերությունները: Կարծում եմ` այս ընկալումը կա, բայց դեռ լիովին չկան այս ամենի իրականացման եղանակներն ու մեխանիզմները, հատկապես, երբ նոր իշխանությունը մեծ անելիք ունի նաև ներքին կյանքում, և սա շատ անկայուն փուլ է»,- ասաց Մենագարիշվիլին:
Նա նշեց, որ, եթե հայկական կողմը դիտարկում է արևմտյան ուղղությունը, որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնի նաև նրանց հնարավոր արձագանքը:
«Եթե Հայաստանը ցանկանում է խորացնել համագործակցությունն Իրանի հետ, ապա պետք է հաշվի առնի, թե ինչպիսին կլինի Իրանի արձագանքը սիրիական առաքելությանը, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ինչ-ինչ դիրքորոշումներին: Այսինքն` բոլոր երկրների համար կան զգայուն հարցեր, ինչպիսին Հայաստանի համար ԼՂ հակամարտությունն է և իր գործընկերների դիրքորոշումները հակամարտության սկզբունքային հարցերի վերաբերյալ: Կարծում եմ` այս երկու այցերն էլ հայկական կողմին լայն հնարավորություն են տալու դիտարկել գլոբալ ծրագրեր և սկսել քայլեր իրականացնել այդ ուղղությամբ»,- ասաց վրացի վերլուծաբանը: