
Արցախի ոստիկանության պարզաբանումը՝ Սամվել Բաբայանի քաղաքացիության մասին

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարված հարցումները և հարցի հանրային հնչեղությունը՝ հայտնում ենք, որ Սամվել Անդրանիկի Բաբայանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում վերահաշվառելու վերաբերյալ Սամվել Բաբայանի լիազորված անձի դիմումին Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրվել է գրավոր պատասխան, որում, մասնավորապես, նշվում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն լիազոր մարմինը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան վարելու և կազմելու համար:
Նույն հոդվածի 1-ին մասի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:
Քանի որ 2006 թվականի սեպտեմբերի 11-ին Սամվել Անդրանիկի Բաբայանը իր դիմումի համաձայն հանվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Մամիկոնյան փողոցի շենք 19 բնակարան 10 հասցեի հաշվառումից՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում հաշվառվելու համար (տես նկարում) և նույն ամսվա սեպտեմբերի 15-ին հաշվառվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի շենք 21 բնակարան 3 հասցեում (նշված հասցեում հաշվառված է առ այսօր), ուստի վերջինս ընդգրկված չէ Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում, այլ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում (տես նկարում):
Ելնելով վերոգրյալից, Սամվել Անդրանիկի Բաբայանը, ցանկության դեպքում կարող է դիմել Արցախի Հանրապետության ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություն՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառվելու համար:
Արցախի Հանրապետությունում հաշվառվելու դեպքում նա վերոհիշյալ օրենսգրքի ուժով կընդգրկվի Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրում:
Արցախի հանրապետության ոստիկանություն