Զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են մարտի 1-ի դեպքերի ժամանակ, դա փաստ է. Դավիթ Տոնոյան

Իհարկե, ավագ սպայական կազմի և բարձրագույն սպայական կազմի տրամադրությունների վրա կա որոշակի ազդեցություն` հաշվի առնելով այս նախաքննության փուլը, անընդհատ հրավերները Հատուկ քննչական կոմիտե և այլ վայրեր, դրա համար որոշակի ազդեցություն կա:

Այս մասին, ըստ tert.am-ի՝ Հանրային հեռուստատեսության եթերում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը`անդրադառնալով հարցին`«Մարտի 1»-ի գործի վերաբացումը, բարձրաստիճան սպաների հարցաքննությունները ազդում են սպայակազմի հեղինակության վրա:

«Միանշանակ է, որ Զինված ուժերում այն եզրակացությանն եկան, որ ԶՈւ-ն պետք է ապաքաղաքական մարմին լինի, այլևս այդպես շարունակել չի լինի»,-ասաց Տոնոյանը: Նախարարն ընդգծեց, որ ԶՈւ-երի Երևան մտնելը երաշխավորված է օրենսդրությամբ:

«Դրա համար գոյություն ունեն այլ ուժեր, կա օրենսդրություն, որտեղ ասվում է` ինչ պայմաններում կարող է օգտագործվել բանակը: Ես էլ՝ որպես պաշտպանության նախարար, աշխատելու եմ, որ ներքաղաքական սրումներ չլինեն, և միևնույն ժամանակ օրենքի տառը պահպանվի»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին`2018 թ.-ի մարտի մեկի իրադարձություններին բանակը մասնակցություն ունեցել է, թե ոչ, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Զինված ուժերն օգտագործվել են, այո: Մարտի մեկի դեպքերին զինված ուժերը ներկա են եղել, կատարել են իրենց պարտականությունները: Քանի որ հիմա նախաքննություն է հայտարարվել, և գործը մտնում է դատաքննության փուլ, ես կխուսափեմ որևէ գնահատական տալ, բայց որ զինված ուժերը ներկա են եղել և օգտագործվել են, դա փաստ է»:

 

Տեսանյութեր

Լրահոս