Տիգրան Հակոբյանը վստահեցնում է՝ Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահի ընտրություններում «դաբրոններ» չկան
Այս տարի առաջին անգամ կանցկացվի Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահի ընտրություն, նախկինում խորհրդի անդամներին նշանակել է ՀՀ նախագահը։ Նախորդ տարի ընդունած օրենքի համաձայն, այս տարի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կկազմի մրցութային հանձնաժողով, որը մրցույթ կհայտարարի և կընտրի Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահին և անդամներին։
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ Հանրային հեռուստառադիո խորհրդի ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման լիազորություններն ավարտվելու են մարտի 3-ին, որից 3 օր անց՝ մարտի 6-ին, պետք է հայտարարվի մրցույթ։
«Այս ամենից հետո մրցութային հանձնաժողովը կսկսի ստանալ հայտեր, որոնց մեջ պետք է կատարի ընտրություն։ Ծրագրային դրույթները պետք է ներկայացնի թեկնածուն, հետաքրքրությունը շատ է, բայց ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը, իշխանությունները մեր գործերի մեջ չեն խառնվում։ Ես նույնիսկ ինձ հաճելիորեն «անտեսված» եմ զգում, ո′չ վարչապետի ու փոխվարչապետի, ո′չ էլ այլ մարդկանց հետ շփման մեջ չեմ։ Ինձ որևէ մեկը չի զանգում ու ասում՝ այս կամ այն բանը պետք է անես։ Այսինքն՝ այդ «դաբրոների» կարգավորման ժամանակն անցել է, գլուխ չգովեմ, նաև՝ ես այն մարդը չեմ, որ ղեկավարվեմ օրենքից դուրս ինչ-որ հրահանգներով կամ առաջարկներով»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Տ. Հակոբյանը։
Նա հույս հայտնեց, որ մրցույթը կլինի ոչ թե ինչ-որ «դաբրոներով», այլ կոշտ մրցակցության պայմաններում կընտրվի այն անձն ու ծրագիրը, որը կփորձի ավելի արդիականացնել և իր նպատակին ծառայեցնել Հանրային հեռուստաընկերությունը։
«Չնայած շատ թեկնածուների հրապարակային ելույթները լսում եմ, ու թվում է, թե շատերը չեն հասկանում, թե ուր են գնում աշխատելու։ Հանրային հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունը չէ,այնտեղ գնացողը պետք է գիտակցի, որ գնալու է ղեկավարելու շատ խոշոր տեղեկատվական կառույց, որը Հայաստանի «փափուկ» ուժի բաղադրիչն է։
Առաջին փորձն է՝ ընտրել հեռարձակողի նախագահին, այս ընտրությունում «դաբրոններ» չկան, կա ծրագիր, և կարծում եմ՝ ճիշտ լուծում կլինի»,- շեշտեց Տիգրան Հակոբյանը։
Զվարթ Խաչատրյան