Բաժիններ՝

«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես». Զուրաբիշվիլի

«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես»: Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է ,France 24»հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, Բիձինա Իվանիշվիլին ոչ մի ազդեցություն չունի իր քաղաքականության վրա: «Կառավարող կուսակցությունն ինձ պաշտպանելու ընտրություն կատարեց, երբ արշավն արդեն ընթանում էր, եւ ես նախագահի թեկնածու էի: Ես ոչ մի նախնական կոնսուլտացիա կամ ոչ մի կարգի համաձայնություն չեմ ունեցել այն բանի շուրջ, թե ինչ պետք է անեմ նախագահի պաշտոնում: Ես այժմ նախագահ եմ ընտրված վեց տարի ժամկետով: Դա ամենաերկարատեւ մանդատն է Վրաստանի պատմության մեջ:

Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու հաջորդ ընտրություններում, ինչն ինձ լիակատար անկախություն է ընձեռում, որն ինձ խոստացել է կառավարող կուսակցությունը: Նրանք ինձ համոզեցին, որ ես լիովին անկախ կլինեմ: Մենք կտեսենք, իրականությունը ցույց կտա, թե ես որքան եմ անկախ: Կարծում եմ, որ ես դրանով հայտնի եմ Վրաստանում եւ Վրաստանի սահմաններից դուրս»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Հարցազրույցում Զուրաբիշվիլին նաեւ հայտարարել է, որ լավատեսությամբ է համակված Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցում: Նրա խոսքով՝ նշանակություն չունի, որ Վրաստանն աշխարհագրական առումով ցամաքային սահման չունի Եվրամիության հետ:

«Մենք ծովային սահման ունենք: Ես կարծում եմ, որ Եվրամիության ներսում իրադարձությունները փոխվում են շատ արագ: Գտնում եմ, որ այն փոփոխությունների գործընթացում, որոնք ապրում է ԵՄ-ն, հնարավոր է, հաջողվի ավելի շատ տեղ գտնել Վրաստանի համար, քան առաջ, երբ Եվրամիությունում ամեն ինչ պարզորոշ էր»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրացումը Վրաստանին ավելի մեծ անվտանգություն կապահովի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս