«Փաշինյանը և Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ով կապված են իրար հետ». Արամ Հարությունյան
«Մարտի 1-ի հարցը պետք է սպառիչ պատասխան ստանա, որպեսզի հասկանանք, թե ի՞նչ ճանապարհով ենք շարունակում գնալ: Այս գործն այնքան քաղաքական է, որ ինչ էլ որ կատարվի՝ ընթացքը քաղաքականացված է երևալու: Հիմա, Մարտի 1-ի հետ կապված՝ Քոչարյանի բոլոր հայտարարությունները քաղաքական են: Ինչ վերաբերում է գործին՝ որպես շարքային քաղաքացի՝ կարծում եմ, որ գործն ընթանում է իրավական ընթացակարգով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն էլ նկատեց. «Ներքին զորքերը կարո՞ղ է՝ պատին թիթեռ էին նկարում: Ինչո՞ւ չեն հարցաքննում շերիֆին, եթե բախումը եղել է ոստիկանների և ցուցարարների միջև: Իհարկե, սա ինչ-որ պահից սկսած խաղաղ ցույց չի եղել: Մարտի 1-ի առավոտյան Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն իմացել են, որ գալու են, դիմադրել են: Հարուցված է 300 գործ՝ ոստիկանների հետ բախումների, զենք խլելու հետ կապված:
ՀՔԾ-ն նպատակ պետք է ունենա իրոք բացահայտել այդ սպանությունները, որովհետև ժողովրդին դա է հետաքրքրում: Այսօր անբարոյականություն է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի կողմից Մարտի 1-ին երթ անելը: Նույն բանն է, որ Նաիրի Հունանյանը համաներումով դուրս գա, վարչապետ դառնա, երթ անի: Այն, որ ժողովրդին հրահրում ես, տանում բախման, իսկ ինքդ փախչում ես, ու հոգիդ փառավորվում է ամեն վառվող մեքենայից, Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, տանը նստած՝ տեղեկացված ես ու չես կանխում, ինչ-որ գրքեր ես գրում ու քեզ քրիստոնյա ես համարում, բայց, երբ Կաթողիկոսը ցանկանում է քեզ հանդիպել, ու չես ընդունում ու այսօր շարունակում ես…
Եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ովքեր են իր եվրոմամաները, ապա Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ճանաչել Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայրությունը, բայց դա Փաշինյանին պատասխանատվությունից չի ազատում, որովհետև Մարտի 1-ով իրենք իրար հետ կապված են: Նույնն են նաև արցախյան մոտեցումները: Հիմա Մարտի 1-ի հետ կապված՝ էլ շոուի ռեսուրս չունեն, դրա համար կրկին պետք է գրգռեն ժողովրդին»:
Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի այն խոսքին, թե Մարտի 1-ը լրիվ բացահայտված է, Հրանուշ Խառատյանը նշեց.
«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է այդպես ասել, որովհետև Մարտի 1-ը դեռ իրավական քննություն չէր անցել: Հանձնաժողովային քննարկում էր անցել, նյութեր էին հավաքել, լսումներ արել, բայց իրավական ընթացակարգերով չէր անցել: Եթե Փաշինյանի համար ինչ-որ բան պարզ էր, դա կարող էր լինել քաղաքական հայտարարություն: Ես համաձայն չեմ նաև պարոն Հարությունյանի այն խոսքին, թե հրահրել են ժողովրդին: Հրահրեցին, ու մարդիկ դո՞ւրս եկան: Նրանք դժգո՞հ չէին: Միացել էին ոչ միայն Տեր-Պետրոսյանի գաղափարները կիսողները, այլ Հայաստանի դժգոհ զանգվածը: Նրանց ոչ ոք չէր հրահրել, և նրանք գիտեին, թե ինչ վտանգի են գնում: Ռոբերտ Քոչարյանի կառավարումը, այո՛, բոլորի մոտ հանգեցրել էր նրան, որ ՀՀ յուրաքանչյուր անձ ենթակա է մեծ վտանգի ու սպառնալիքի, ուստի մարդիկ դուրս էին եկել, հավաքվել նրանց շուրջ, ովքեր այլ տարբերակ էին առաջարկում»:
Անի Կարապետյան