
Հնդկաստանի օդուժը Քաշմիրում ոչնչացրել է զինյալների վարժական ճամբարը. ANI

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները փետրվարի 26-ի առավոտյան հարված են հասցրել ահաբեկիչների ճամբարին վերահսկման գծի՝ վիճելի Քաշմիրում Հնդկաստանը եւ Պակիստանը բաժանող փաստական սահմանի շրջանում: Այդ մասին հայտնել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության տեղեկատվությամբ՝ օդային արտագրոհը կատարվել է տեղական ժամանակով առավոտյան մոտավորապես 03:30-ին (Երեւանի ժամանակով 02:00-ին)՝ 12 «Միրաժ» 2000 բազմանպատակային կործանիչների մասնակցությամբ: Նշվում է, որ կործանիչներից յուրաքանչյուրը մեկ տոննա քաշով մի քանի կառավարվող ռումբ է նետել «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման վարժական ճամբարի վրա՝ լիովին ոչնչացնելով այն:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերն ահաբեկիչների ճամբարը գրոհել են այն բանից երկու շաբաթ անց, երբ «Ջաիշ ե Մուհամադ» իսլամիստական խմբավորման զինյալը Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրեն պայթեցրեց ռազմականացված ոստիկանության շարասյան մոտ: Այն ժամանակ գրոհի զոհ դարձավ 45 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: