
Երևանի թանգարանների և թատրոնների աշխատակիցները մասնակցում են կառավարման դասընթացների

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել են համայնքային ենթակայության թատրոնների և թանգարանների աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Տարբեր ոլորտների մասնագետներ կհյուրընկալվեն Երևանի քաղաքապետարանում և կներկայացնեն արվեստի կառավարման իրենց մոտեցումներն ու փորձը:
Դասընթացի մասնակիցները կծանոթանան մշակութային կառույցների հանրահռչակման գործում մարքեթինգի, մեդիայի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի ճիշտ օգտագործման հնարավորություններին:
«Պարտադիր չէ, որ մշակութային կառույցները լինեն զուտ պետությունից գումար ստացողներ և այն աշխատակիցներին բաժանողներ: Վստահ եմ, որ այս քննարկումների միջոցով կկարողանաք որոշակի առումով ձևավորել բազա, որը հետագայում կկիրառվի և հնարավորություն կտա զարգացնել մշակութային օջախները»,- ընդգծել է հանդիպմանը ներկա քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Հանդիպումների շարքը բացել է թատերական գործիչ, պրոդյուսեր, «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Խոսելով երևանյան թատրոնների ու թանգարանների զարգացման հեռանկարներից՝ արվեստագետը նկատել է, որ պետք է սովորել ճիշտ օգտագործել առկա ռեսուրսները: Իսկ մշակութային կառույցը ավելի ճանաչելի դարձնելու համար նախ պետք է այն տարբերվող լինի:
«Շատ լավ նախաձեռնություն է: Քաղաքապետարանը մտածում է՝ ինչպե՞ս զարգացնել դաշտը և ցույց տալ նոր ուղղություններ և հնարավորություններ: Նույնիսկ աշխարհի շատ հայտնի մշակութային օջախներ կարող են ավելի հետաքրքիր լինել: Այդ առումով այս նախաձեռնությունը կդառնա նոր մեկնարկ»,- նշել է Արթուր Ղուկասյանը:
Քաղաքային իշխանությունը վստահ է, որ ծրագրի շնորհիվ կծագեն նոր գաղափարներ, որոնք կնպաստեն թանգարանների և թատրոնների այցելուների թվի և աշխարհագրության աճին»: