Հայաստանի և Իրանի իրավապահներն ակտիվ համագործակցում են թրաֆիքինգի, փողերի լվացման և այլ հանցատեսակների դեմ պայքարում
ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը փետրվարի 25-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանը՝ ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարիի գլխավորությամբ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Ղուկասյանը կարևորել է երկու երկրների բարեկամական կապը, ինչի շնորհիվ տարբեր ոլորտներում, այդ թվում նաև իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցություն, որն ուղղված է Հայաստանի և Իրանի պետական անվտանգությանն ու քաղաքացիների ապահովությանը:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին նշել է, որ իրանցիների համար զբոսաշրջության ամենասիրելի երկրներից մեկը Հայաստանն է և դրանով է պայմանավորված նրանց մեծ հոսքը Հայաստան: Իրանական կողմը գոհունակություն հայտնեց իրենց երկրի քաղաքացիների անվտանգության ապահովման գործում ՀՀ ոստիկանության ցուցաբերած ծառայության համար:
Քննարկվեցին մի շարք հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկու երկրների ճանապարհային ոստիկանությունների, սահմանամերձ հատվածներում ոստիկանության ստորաբաժանումների, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների ծառայությանը վերաբերող հարցեր:
Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությանն ընդունել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը: Նա ներկայացրել է երկու երկրների միջև համագործակցության դրական արդյունքներն ու դրանց հետ կապված որոշ խնդիրներ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահները ակտիվ համագործակցում են թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, փողերի լվացման և այլ հանցատեսակների դեմ պայքարում: Քննարկվեցին իրավապահ երկու կառույցների միջև տեղեկատվության արագ տրամադրման և փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր: Հոսեյն Քալանթարին, շնորհակալություն հայտնելով ընդունելության և կարևոր խնդիրներ բարձրաձայնելու համար, պատրաստակամություն հայտնեց քննարկել դրանք և համապատասխան լուծումներ գտնել:
Կողմերը միակարծիք էին, որ թեև երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա է սերտ համագործակցությանը, ժամանակի պահանջներին զուգահեռ անհրաժեշտ է առավել ամրապնդել այն ու ներառել նոր ուղղություններ, քանի որ հանցատեսակները նույնպես զարգանում են՝ ներթափանցելով տարբեր ոլորտներ:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս: Նույն օրը Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության և ոստիկանության պատվիրակությունը եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ քննարկվել են իրավապահների կրթությանը վերաբերող այլ հարցեր ևս: