
Բանգլադեշում 25-ամյա երիտասարդը փորձել է առևանգել Դուբայ թռչող ինքնաթիռը

Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռի ուղևորը, ով ենթադրաբար փորձել է առևանգել ինքնաթիռը, սպանվել է տեղի ուժայինների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Associated Press»-ը:
Ինքնաթիռում կար 143 ուղևոր: Այն թռչում էր Դաքքայից Դուբայ, ճանապարհին ստիպված արտահերթ վայրէջք է կատարել Բանգլադեշի Չիտագոնգ քաղաքում, այն բանից հետո, երբ տղամարդը փորձ է արել ինքնաթիռի վերահսկողությունը վերցնել իր ձեռքը: Օդաչուն որոշում է կայացրել թռիչքից 40 րոպե անց ինքնաթիռն իջեցնել:
Ինքնաթիռի ուղևորները և անձնակազմը անվնաս էվակուացվել են: Ինքնաթիռն առևանգելու փորձ անող 25-ամյա տղամարդը Բանգլադեշի քաղաքացի է: Նա պահանջել է հնարավորություն տալ խոսել երկրի վարչապետի հետ: Ինքնաթիռը շրջափակած ուժային կառույցների ներկայացուցիչները նրանից պահանջել են հանձնվել, սակայն նա սկսել է կրակել իրավապահների ուղղությամբ: Արդյունքում, երիտասարդը վիրավորվել է, իսկ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել: